Մեկ տարվա ընթացքում իշխանություններն արեցի՞ն համապատասխան եզրակացություններ. փոխվել է միայն մեկ բան. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում ծայրաստիճան լարված վիճակ էր. հուլիսի 17-ի լուսադեմին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը, պատանդ վերցնելով ոստիկանության աշխատակիցներին` պահանջում էին իշխանությունների հրաժարականը:

Առաջին օրերին հասարակությունը միանշանակ չընդունեց կատարվածը, առավել եւս, երբ գնդի գրավման ժամանակ սպանվել ու վիրավորվել էին ոստիկաններ: Բայց հետո հասարակության համակրանքն ակնհայտորեն շրջվեց դեպի Սասնա ծռերը, հատկապես այն բանից հետո, երբ ոստիկանները փորձում էին վայրագություններով ու բռնություններով լռեցնել Խորենացու փողոցում ընթացող բողոքի ցույցերը, երբ արդյունքում տուժում էին ոչ միայն ցուցարարները, այլեւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներն ու պատահական անցորդները:

Երկու շաբաթ տեւած բանակցություններից հետո խմբավորման անդամները վայր դրեցին զենքերն ու հուլիսի 31-ին հանձնվեցին: Իրավիճակի հանգուցալուծումից հետո նաեւ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ուղերձով՝ հայտարարելով, թե եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը: «Ներհայաստանյան հասարակական եւ քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը… Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր եւ բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է»:

Եւ ի՞նչ, արդյո՞ք այս մեկ տարվա ընթացքում իշխանություններն արեցին համապատասխան եզրակացություններ, արդյո՞ք գնացին արմատական փոփոխությունների ճանապարհով: Իհարկե, ոչ: Միայն Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց: Բայց Սերժ Սարգսյանն այդ զոհաբերությունն արեց խորհրդարանական ընտրություններից առաջ փոփոխությունների իմիտացիա ստեղծելու նպատակով, հասարակության համակրանքը ՀՀԿ-ի օգտին ժամանակավորապես թեքելու համար:

Առավել եւս, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը չէր հասցրել լինել պետական կառավարման համակարգում ու ընկալվում էր որպես նոր դեմք, որպես փոփոխությունների սիմվոլ. չէ՞ որ նրա մոտ լավ էին ստացվում ժիլետի ուղեկցությամբ տարբեր շոուները, թեեւ, եթե անկեղծ, ընտրություններից հետո նրա դրայվն ու շոուները օրեցօր նվազում են:

Իսկ խորքային փոփոխություններ, որպես այդպիսին, տեղի չունեցան: Ասվածի ապացույցը այս տարվա ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններն էին. իշխանությունները թեեւ բացահայտ կեղծիքների չդիմեցին, բայց համատարած ընտրակաշառք բաժանելու, վարչական ռեսուրսի եւ ահաբեկումների արդյունքում կարողացան ԱԺ-ում իշխող ՀՀԿ-ի համար բացարձակ մեծամասնություն ապահովել: էլ չենք ասում պետական կառավարման համակարգում, սոցիալ-տնտեսական ոլորտում տիրող վիճակի մասին: Մի խոսքով, քաղված դասերը սեփական իշխանության պահպանումն է եղել միայն:




Լրահոս