20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Մինաս Ավետիսյանը, ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։
Մինասի գեղարվեստական և էսթետիկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։
Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։
Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։
Մեծ նկարիչը 1975 փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի։ Վախճանվել է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 24-ին։