Հայաստանում օպտիմալացիան հասել է նաեւ հոգեբուժարաններին: ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Երեւանի երկու` «Նորք» եւ «Նուբարաշենի» հոգեբուժարանները միացնել իրար: Ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել հոգեբուժարանների աշխատակիցների մոտ, քանի որ նրանք վստահ են, որ այս գործընթացի արդյունքւոմ կրճատումներ կլինեն:
Նշենք, որ Հայաստանում այսօր հոգեկան խանգարում ունեցող մեկ հիվանդի վրա պետությունը տարեկան ծախսում է 428 հազար 700 դրամ, իսկ ուռուցքային հիվանդության դեպքում` 106 հազար 400 դրամ։ Այսինքն` հոգեկան խնդիր ունեցող հիվանդի բուժման համար պետությունը տարեկան 4 անգամ ավելի գումար է ծախսում, քան օնկոլոգիական խնդիր ունեցողի:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պետական բյուջեի սուղ միջոցները արդյունավետ ծախսելու նպատակով առողջապահության նախարարության կառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովը վերջին մի քանի ամիսներին ուսումնասիրություններ է իրականացրել։ Այժմ քննարկվում է Երեւանի երեք հոգեբուժարանները օպտիմալացնելու հարցը։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրական 1 հիվանդին բաժին ընկնող ծախսը ամենաբարձրը «Նորք» հոգեբուժական կենտրոնում է` 11 հազար 400 դրամ: Իսկ Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում այն կազմում է 4 հազար 79, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում` 7 հազար 500 դրամ։
Նկատենք, որ «Նորք» հոգեբուժական կենտրոնն ունի լրացուցիչ առավելագույնը մինչեւ 100 հիվանդ ընդունելու հնարավորություն, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը` 207, «Նուբարաշենը»-ը` 245: Եւ հաշվի առնելով սա՝ ԱՆ-ն հույս ունի, որ միավորման դեպքում բոլոր հիվանդները կտեղաբաշխվեն «Ավան» եւ «Նուբարաշեն» կենտրոններում։ Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին վստահեցրին, որ բուժանձնակազմի կրճատում չի նախատեսվում։ Հակառակը` նրանք եւս կտեղափոխվեն նույն երկու կլինիկաներ։ Մինչդեռ հոգեբուժարանների աշխատողները խիստ վրդովված են նախարար Լեւոն Ալթունյանի նորամուծություններից: Աշխատակիցների համոզմամբ՝ որքան էլ հիմա պաշտոնապես դա հերքվում է, միեւնույն է` միավորման արդյունքում կրճատումներ կլինեն:
Եւ չնայած սրան` ԱՆ հաշվարկներով, օպտիմալացման արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 300 մլն դրամ, որից 100 մլն դրամը կհատկացվի «Ավան» եւ «Նուբարաշեն» կենտրոնների խնդիրների լուծմանը: Իսկ 200 մլն դրամից 100-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, մյուս 100-ը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը: Նկատենք, որ ԱՆ-ն այդպես էլ չի մանրամասնում, թե կոնկերտ որ ծախսի կրճատման արդյունքում են իրենք 300 մլն դրամ տնտեսելու:
Մինչ առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ միացման արդյունքում կբարելավի հոգեբուժական ծառայությունը, կտնտեսվեն ֆինանսական միջոցները, «Նորք» հոգեբուժական կլինիկայի փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը հակառակը պնդեց: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հոգեբուժարանների օպտիմալացման արդյունքում, բնականաբար, առաջին տուժողը հիվանդն է լինելու: Ավելին՝ նրա համոզմամբ, կրճատումներն անխուսափելի կլինեն:
«2000-ականներին օպտիմալացում եղավ, բոլոր հիվանդանոցները մի ղեկավարության ենթակայության տակ անցան, բայց դա լավ բանի չբերեց: Եւ հիմա ունենք այն, ինչ ունենք: Հետաքրքիր է, թե ինչպես են հիմնավորում, որ ամեն բան լավ է լինելու: Այդ ամբողջ ֆինանսական մուտքերն ու ծախսերը տնօրինվելու են մեկի կողմից»,- նկատեց «Նորք» հոգեբուժական կլինիկայի փոխտնօրեն Վ. Հովհաննիսյանը:
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հոգեբուժարանների օպտիմալացմանը, նկատեց, որ օպտիմալացման ծրագրի ամբողջական տեքստը չի հրապարակվում, չի հանրայնացվում: «Մենք հատվածային բաներ ենք լսում` սա սրանից անջատել, սա սրան միացնել, սա փակել: Օրինակ՝ հարց է առաջանում` հոգեբուժական բարեփոխումների ծրագիր ունե՞նք, թե՞ ոչ: Մերթ ընդ մերթ ինչ-որ հայտարարություններ են արվում, բայց այդպես էլ արդյունքը չենք տեսնում: Ամեն ինչ մնում է հայտարարությունների տեսքով, գործնական քայլեր չեն հետեւում:
Արդյոք մեզ պետք են հոգեբուժական կենտրոններ, թե ոչ: Կարող ենք դրանք միացնել բազմապրոֆիլ հիվանդանոցների հետ, հոգեբուժական վախենալու տեսքը փոխելու, հոգեկան հիվանդին այլ կերպ նայելու նպատակով, գուցե այդ ճանապարհով է պետք գնալ: Գուցե հոգեկան հիվանդների վարման մոտեցումները փոխեն»,- առաջարկեց առողջապահության նախկին նախարարը:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ մեխանիկական միացումներով, միաձուլումներով կամ տարանջատումներով լավ բանի չենք հասնի` չպատկերացնլով, թե դրանք ուր են տանում: «Մի օր միացնում են, մեկ այլ օր` տարանջատում: Լավ, ինչ է տալու դա, եթե օպտիմալացնում ենք, ռեսուրսները անջատում ենք, հոգեբուժական ծառայությունը բարելավո՞ւմ է, թե՞ երկու հիվանդանոցի գլխին մեկ տնօրեն ենք նշանակում: Մի գլխավոր բժշկին մեկն է փոխարինելու, երկու տնտեսվարողին՝ մեկը, երկու տեղակալի փոխարեն մեկն է լինելու, դրանք այնքան մանր հարցեր են: Թող ինչ կա-չկա միաձուլեն իրար ու մի գլխավոր բժիշկ նշանակեն: Պաշտոններ կիսել, բաժանել, ղեկավարել, արդեն հոգնեցրել են: Մեկը չչափեց, թե այդ միաձուլումների եւ տարանջատումների հետեւանքով մի դրական տեղաշարժ լինո՞ւմ է, թե՞ ոչ: Ի վերջո, այս երկրում կառավարման ի՞նչ մոդել ունենք, ո՞ւր ենք ձգտում գնալ, մարդու համար ի՞նչ ենք անում, կներեք, մեր այս օյինբազություններով: Հարցեր են, որոնց պատասխանները չի հնչեցնում առողջապահության նախարարությունը»,- նկատեց Արարատ Մկրտչյանը:
Նկատենք, որ հոգեբուժարանների միացման արդյունքում հավանաբար ֆինանսական մուտքերն ու ելքերը կտօրինվեն «Նուբարաշենի» հոգեբուժարանի ղեկավարության կողմից: Այսպես է նաեւ գյուղերի դեպքում: Այս է պատճառը, որ գյուղերի բնակիչները գյուղապետերի գլխավորությամբ բողոքի ակցիաներ են անցկացնում, ճանապարհներ են փակում` պահանջելով իրենց գյուղը մեկ այլ գյուղի չմիացնել: Քանի որ այս դեպքում իրենց գյուղի բյուջեն տնօրինվում է համայնքային կենտրոնի կողմից, ինչը շահեկան չէ իրենց համար:
Տեղեկացնենք, որ «Նուբարաշենի» հոգեբուժարանի տնօրենը առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանն է, որը կդառնա «սուպեր տնօրեն»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ