ԱՐՏԻՍՏԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԹԵԼԱԴՐՈՂ. ՆՈՒՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ոսկերիչ, դիզայներ, քանդակագործ Նուռի (Արման Դավթյան) ստեղծագործությունները հպարտությամբ են կրում այնպիսի հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, մեծ բալերինա Մայա Պլիսեցկայան, ջազ-ռոքի արքա Էլ Ջեռռոն, երգիչ եւ դերասան Շերը, հայտնի թենիսիստ Անդրե Աղասսին եւ այլք: Նա նաեւ «Միսս Հայաստան» եւ «Միսս Անդրկովկաս» թագերի հեղինակն է, իսկ Մադլեն Օլբրայթը նրա էսքիզներով պատվիրել է 20 ոսկյա ճարմանդ՝ ձեւավորված ադամանդներով, զմրուխտներով, մարգարիտներով եւ սապֆիրներով: Ինչեւէ. Նուռը «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իր նոր յուրօրինակ հավաքածուի ստեղծման, շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ նոր համագործակցությունների եւ այլ թեմաների շուրջ:

-Նո՛ւռ, ի՞նչ փուլում է գտնվում Ձեր այն նախագիծը, որի շրջանակներում մայրաքաղաքում պետք է հայտնվեին գրքերի փոքրիկ խանութներ, որոնք արտաքինից պետք է հիշեցնեին հենց գրքերի:
-Առաջին գրքի բացումն արդեն եղել է, այն տեղադրված է Ավետիք Իսահակյանի անվան փողոցում, իսկ մնացած ինը գրքերը կտեղադրվեն այս տարվա ընթացքում:
-Ձեր հեղինակած «Սաթենիկ» զարդերի հավաքածուն, որը նվիրված է Սաթենիկ թագուհուն, պետք է 6 տարի շարունակ պարբերաբար համալրվի: Կներկայացնե՞ք, թե ինչպիսի զարդեր են ընդգրկված այդ հավաքածուում, եւ արդյոք դրանք պահանջարկ ունե՞ն, թե՞ ոչ:
-Դա շատ գեղեցիկ սիրո պատմություն է, որի մասին շատ քիչ է խոսվել: Այն այնքան գեղեցիկ է, որ լեգենդների շարքում է դասվել, եւ հետեւաբար չանդրադառնալ այդ թեմային նշանակում է չանդրադառնալ քո պատմությանը, քանի որ միայն ողբալի պատմությունները չէ, որ պետք է հիշվեն. պետք է հիշատակվեն նաեւ մեր գեղեցիկ սիրո, երջանիկ պատմությունները եւս: Եվ տվյալ պարագայում նրանց սիրո պատմությունն ամենագեղեցիկներից մեկն էր, այդ իսկ պատճառով «Սաթենիկ»-ը 6 տարի շարունակ կներկայացվի իմ արվեստում, բայց դրա հետ զուգահեռ մեր ցուցասրահի աշխատանքների ցանկում է Աշխեն թագուհին:
-«Սաթենիկ» զարդերի հավաքածուի ցուցադրությունից արդեն մեկ տարի անցել է. 2017 թվականն ի՞նչ նոր զարդերով է առանձնանալու:
-2017 թվականի «Սաթենիկ» հավաքածուի զարդատուփն արդեն լցվել է, քանի որ անցած տարվա հավաքածուից շատ քիչ բան է մնացել: Այս տարվա հավաքածուի մեջ եւս դիտարկվել են հին հայկական զարդատեսակներ, որոնք մոռացված են եղել: Այդպիսիններից են` քումքազարդը, բոժոժազարդը, դաղդղանազարդը, որոնք ներկայացվել են նորովի՝ այսօրվա հագուստին եւ առօրյային հարմարեցված: «Սաթենիկ»-ը տարբերվում է նաեւ նրանով, որ այնտեղ Ալանաց տեսակը կա: Ես խառնել եմ ալանական եւ հայկական արվեստը:
-Պահանջարկն ինչպիսի՞ն է: Ձեր հաճախորդներն ավելի շատ հանրայի՞ն մարդիկ են, թե՞ շարքային քաղաքացիներ:
-Գնում են այն մարդիկ, ովքեր գնահատում են արվեստը, յուրօրինակը, միակը: Գիտեք՝ զարդն անձնական հասկացողություն է, որը պետք է մարդուն տեսակավորի: Կարծում եմ` ինչքան էլ սխալ լինի ասելը, բայց նկարչի գործերը պետք է գնել իր կյանքի օրոք: Իմ հաճախորդները ե՛ւ հանրային դեմքեր են, ե՛ւ շարքային քաղաքացիներ: Ցուցասրահը բաց է բոլորի համար, ընդունում են բոլորին նույն ձեւ, իսկ անվճար էքսկուրսիան նախատեսված է բոլոր այցելուների համար:
-Մի առիթով նշել եք, որ այսօրվա արտիստները բեմի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու խնդիր ունեն: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի իսկական արտիստը բեմի վրա:
-Արտիստը պետք է լինի թելադրող՝ թե՛ նորաձեւության, թե՛ ոճի առումով: Նա պետք է զարգացնի, ոչ թե անի այն, ինչ ուզում են իրենից, ոչ թե անի այն, ինչը հեշտ է ընկալել: Տեսողական ագիտացիա հասկացությունը միտված է, որ արտիստը պետք է լինի առաջատար, որպեսզի բոլորը ձգտեն նրան: Ցավոք սրտի, այսօր մեր երիտասարդ արտիստները ինքնավստահության խնդիր ունեն, մտածում են, որ իրենք այնքան տաղանդավոր են, որ այլեւս իրենց ոչինչ պետք չէ: Արտասահմանյան մեծ աստղերը հասնում են այդ մակարդակին, երբ էլ ոչ մի բան պետք չէ անել, երբ իրենք դարձել են արդեն «սթինգ», որ կարող են հասարակ ջինսով կամ վերնաշապիկով դուրս գալ բեմ, առանց բեմի ձեւավորման՝ սեւ ֆոնի վրա երգել եւ դահլիճը գրավել, իսկ դրան պետք է հասնել, ձգտել:
-Որպես դիզայներ՝ աշխատում եք հանրային մարդկանց հետ: Ո՞ր աստղի հետ եք այս պահին համագործակցում:
-Փոքրիկ չակերտներ բացեմ. այս պահին աշխատում եմ Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ, պատրաստում ենք համերգային գեղեցիկ, նորաձեւ եւ յուրօրինակ ծրագիր, որտեղ ես ամբողջ ձեւավորման աշխատանքներն եմ կատարում: Համերգային ծրագիրը կլինի սեպտեմբեր ամսին:
-Ձեր բրենդին յուրօրինակ լուծումներ եք տալիս, օրինակ` օծանելիքը դնելով զարդի մեջ: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում նման հետաքրքիր լուծումներ գտնել:
-Դիզայնի հիմքում կրեատիվն է, այսինքն` կարողանալ հետաքրքիր մտածել, դրա հետ մեկտեղ այն չլինի պարզ, այլ լինի պատճառաբանված հետաքրքրություն: Ցանկացած աշխատանքի մասին կարելի է հորինել պատմություն, բայց երբ աշխատանքը չի համապատասխանում տվյալ պատմությանը, ապա չես հավատում, իսկ ես ցանկացած գծի վրա կարող եմ ապացուցել իմ աշխատանքը: Նույն գաղափարախոսությամբ ծնվեց օծանելիքը՝ զարդի մեջ: Այսօր հայտարարվում է, որ բնական օծանելիք գոյություն չունի, որովհետեւ բնական խտանյութերը, որից պատրաստվում է օծանելիքը, չափազանց թանկ են, եւ հետեւաբար օծանելիքը չի կարող լինել հարյուր կամ երկու հարյուր դոլար: Դրանից ելնելով՝ պատկերացնում ես՝ եթե պատրաստում ես օծանելիք, որը շատ թանկ է ինքնարժեքով, ապա ափսոս է այդ օծանելիքը մարմնի վրա օգտագործել, այդ իսկ պատճառով հորինվում է զարդ, որի մեջ լցվում է օծանելիքը, որը հաճախ կարիք չունի լվանալու, եւ այն երկարատեւ օգտագործվում է:
-Իսկ ինչքա՞ն ժամանակ է հարկավոր Ձեզ՝ նման գլուխգործոց ստեղծելու համար:
-Միտքը հղանում է վայրկյանների ընթացքում, իսկ դա իրականացնելը շատ դժվար գործընթաց է:
-Ձեր կարծիքով այսօրվա մեր նորաձեւությունը զարգացման նախադրյալներ ունի՞:
-Ինչքան էլ ես լավատես մարդ եմ, բայց, ցավոք սրտի, մեր ոլորտը շատ է կաղում, չնայած նրան, որ ունենք շատ տաղանդավոր ստեղծագործողներ, բայց չունենք պայման, ամենակարեւորը` հագուստի արտադրություն:
-Նո՛ւռ , սովորաբար արվեստագետ մարդիկ՝ լինի, գրող, նկարիչ, թե երաժիշտ, ունեն իրենց ոգեշնչման աղբյուրը: Ո՞վ կամ ի՞նչն է Ձե՛ր ոգեշնչման աղբյուրը:
-Ինձ համար ոգեշնչման աղբյուր հանդիսանում է միայն մարդը` իր տեսակով, յուրօրինակությամբ: Վերջերս ինձ համար հայտնաբերել եմ նոր անսպառ ոգեշնչման դաշտ. դա այն մարդիկ են, որոնց համար ես կուզեի ստեղծագործել:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս