Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս Ղարաբաղում ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Մինչ այդ, սակայն, Ստեփանակերտում Նալբանդյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, եւ ինչպես նշված է պաշտոնական հաղորգարության մեջ. «Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ»: Փաստորեն, Գանձասարի եկեղեցու օծման 777-ամյակի տոնական միջոցառումները Հայաստանի ԱԳ նախարարի համար Արցախ մեկնելու պատրվակ են եղել, իսկ իրական պատճառը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա վիճակն է:
Առաջին հայացքից տպավորություն է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կանգ է առել: Առավել եւս, երբ Սերժ Սարգսյանն էլ իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե կողմերը, այնուամենայնիվ, անզիջում են սկզբունքային մոտեցումներում, եւ ինքն էլ առանձնապես սպասելիքներ չունի նախագահների հանդիպումից, թեեւ պատրաստ է մասնակցել աշնանը ծրագրավորվող հանդիմանը:
Իրականում, սակայն, Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում որոշակի պրոցեսներ ընթանում են: Պարզապես այդ պրոցեսներն ընթանում են, բայց ոչ թե հրապարակային դաշտում, այլ դիվանագիտական խողովակներով. համանախագահ երկրները, մասնավորապես Ռուսաստանը, այնուամենայնիվ, փորձում են առաջ մղել բանակցային գործընթացը՝ մոտեցնելով կողմերի դիրքորոշումը: Պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցներում գրվեց, թե Մոսկվան կդառնա Սարգսյան-Ալիեւ հանդիման գլխավոր կազմակերպիչը: Դրան զուգահեռ օրերս Սոչիում տեղի ունեցավ ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության (թեեւ առանց այն էլ պարզ է)՝ Պուտին-Ալիեւ քննարկումների թեմաներից մեկն էլ վերաբերել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրին: Հավանաբար իր արձակուրդից հետո Սերժ Սարգսյանն էլ ինչ-որ պատրվակով կմեկնի Ռուսաստան՝ հանդիպելու Պուտինին:
Այնպես որ, արձակուրդային այս տրամադրություններն ամենեւին էլ չեն խանգարում հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ քայլեր անելու համար: Եւ հետո, Սերժ Սարգսյանի՝ որպես նախագահ պաշտոնավարման ավարտին բավական կարճ ժամանակ է մնացել, եւ հիմա, երբ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում չկան ընտրություններ, նույն Ռուսաստանը կարող է լարել ջանքերը՝ հակամարտության կարգավորման ընդհանուր շրջանակային փաստաթղթի տակ ստորագրություն «պոկելու» համար: