Ինչ է իրենից ներկայացնում ամենամյա արձակուրդն, ու ում է այն տրամադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենամյա արձակուրդը ոչ միայն հնարավորություն է հանգստանալու, վերականգնելու աշխատունակությունը, ամրացնելու և պահպանելու առողջությունը, այլ նաև անձի համակողմանի զարգանալու, իր հետաքրքրությունները բավարարելու պայման է:

Աշխատանքային իրավունքի և մարդկային ռեսուրսների կառավարմանբ մասնագետ Տիգրան Կիրակոսյանը խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող բոլոր աշխատողները տարվա ընթացքում 28 օր տևողությամբ ամենամյա նվազագույն արձակուրդի իրավունք ունեն, որը կողմերի համաձայնությամբ կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն մեկ տարվա ընդհանուր արձակուրդի կեսը, որպեսզի պահպանվի անընդմեջ հանգստանալու կարևորությունը. «Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում: Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար:

Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Տիգրան Կիրակոսյանի խոսքով՝ ավելի շատ իրենց ամենամյա արձակուդը չեն օգտագործում հանրային սննդի աշխատողները, վարորդները, գյուղատնտեսական աշխատանքներ կատարողները, շինարարները, նրանք՝ ում աշխատավարձը կախված է օրվա վաճառքից, հաճախորդների քանակից, թեյավճարից: Իսկ ամենամյա արձակուրդը ավելի շատ օգտագործում են ուսուցիչները, քաղծառայողները, տարբեր այլ պետական և համայնքային հիմնարկների աշխատողները:

Ըստ փորձագետի՝ արձակուրդ չտրամադրելու խնդիրն առավել արդիական է մարզերում. «Աշխատատեղերի և ընդհանրապես մարդկանց և գործատուների սակավության պատճառով աշխատողի բողոքի կամ ահազանգի դեպքում նրան ճանաչում են իբրև «կոնֆլիկտային աշխատող», իսկ հետագայում նրանք շատ դժվար են աշխատանք գտնում»,-ասաց նա:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս