Քաղաքական դիսկուրսի բացակայությունը և իշխանություն-քաղաքացի անջրպետի հնարավոր հետևանքները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ այսօր Հայաստանում քաղաքական դիսկուրս որպես այդպիսին գոյություն չունի: Ու պատճառն ամենեւին էլ թեմայի բացակայությունը չէ. քաղաքական դիսկուրսի օրակարգային թեմաները մեզանում շատ-շատ են: Օրինակ՝ ո՞րն է Հայաստանի զարգացման տեսլականը, կամ որոնք են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ի՞նչ մեթոդներով պետք է լուծվի հիմնահարցը: Այս մասին գրեթե չի խոսվում, կամ եթե խոսվում է, ապա շատ սիրողական, զգացմունքային մակարդակով:

Զարգացման որեւէ տեսլականի մասին քննարկումներում ավելի շատ հուսալքություն է, երբ մարդիկ արդարացիորեն չեն վստահում իշխանություններին ու չեն հավատում, որ նրանց քայլերը կարող են դրական արդյունքների բերել: Իսկ Արցախյան հակամարտության մասին քննարկումները «հողատվության» մակարդակի են, երբ փոխզիջման մասին ցանկացած խոսակցություն ավարտվում է «դավաճանի» պիտակ փակցնելով, եւ այս տարիների ընթացքում այդպես էլ չի տրվել մեկ հարցի պատասխան. փոխզիջմանն ընդդիմացողները, բանակցային սեղանին գտնվող փաստաթղթում ամրագրված սկզբունքները չընդունողները խելամիտ լուծման ի՞նչ մեթոդներ են առաջարկում:

Բայց ստեղծված իրավիճակն ամենեւին էլ պատահական չէ: Երկխոսության նախաձեռնողը պետք է լիներ իշխանությունը, քանի որ հենց իշխանության շահերից է բխում որոշումներ կայացնելուց առաջ հասարակության հետ երկխոսելը, հասարակությանն իր քայլերի իմաստը բացատրելը, ճշմարտացիությանը համոզելը:

Բայց արի ու տես, որ իշխանությունը ոչ միայն որեւէ քայլ չի անում այս ուղղությամբ, այլեւ տարիներ շարունակ իրենց վարած քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացուն վերածել են պարզապես բնակչի՝ օտարելով սեփական պետությունից, զրկելով սեփական պետության ճակատագրի հարցում դերակատարություն ունեցողի կարգավիճակից: Ու արդյունքում գնալով խորանում է իշխանություն-հասարակություն անջրպեդը, եւ հասարակական դժգոհությունները կարող են ավարտվել ցնցումներով. լավագույն դասը «Սասնա ծռերի» միջադեպն էր, այդ խմբավորման նկատմամբ հասարակական-քաղաքական որոշակի շերտերի համակրանքն ու անթաքույց աջակցությունը:

Քաղաքացու՝ պետությունից օտարվելու հետեւանքով է, որ ընտրությունների ժամանակ մարդկանց չեն հետաքրքրում ո՛չ քաղաքական ուժերի ծրագրերը, ո՛չ գաղափարները, ո՛չ անգամ անձինք՝ թեկնածուները, եւ համապետական այդ միջոցառումը վերածվում է «քաղաքական աճուրդում» մեկօրյա փող վաստակելու մոլուցքի: Միայն թե այս իրավիճակի շարունակությունը կարող է սպասվածից ավելի վատ արդյունքների հանգեցնել. ի վերջո, իշխանությունը ստիպված է ինչ-որ որոշումներ ընդունել, ինչ-որ քայլեր կատարել, եւ եթե այս ամենն արվում է առանց հասարակության հետ երկխոսելու, ապա հակազդեցությունը կարող է միանգամայն կտրուկ ու կոշտ լինել:




Լրահոս