Զբաղվածության կարգավորման 2017թ. պետական ծրագրի կիսամյակային արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. հուլիսի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 91.5 հազար մարդ, որից 59.5 հազարը կանայք են, 21.4 հազարը` երիտասարդ: Տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 4833 թափուր աշխատատեղ, կենտրոնների աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 4131 աշխատանք փնտրող, որից 523-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրի շրջանակներում:

2017թ. 1-ին կիսամյակում իրականացվել են հետևյալ ծրագրերը.
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում». ծրագրում ընդգրկվել է 503 անձ: Ծրագիրը նախատեսված է աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար: Նպատակը՝ անմրցունակ անձանց հնարավորություն տալ աշխատավայրում ձեռք բերել աշխատանքային ունակություններ և կարողություններ՝ այդպիսով ապահովելով նրանց կայուն զբաղվածությունը:
Անմրցունակ անձին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նա ունի հաշմանդամություն, նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս, նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:
Ծրագրի շրջանակներում գործատուին մեկ անձի համար տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը 50.000-ից մինչև 200.000 դրամ է՝ կախված անձի անմրցունակության տեսակից (գումարը հաշվարկվում է իրավական ակտով սահմանված բանաձևով):

Աշխատաշուկայում անմրցունակ անձը ծրագրում կրկին կարող է ընդգրկվել ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:
Ծրագրի կայուն զբաղվածության գործակիցը 2016թ. կազմել է 88.4%:
Ծրագրում ընդգրկված անձինք աշխատանքի են ընդունվել տնտեսության տարբեր ոլորտներում, որպես՝ փոխտնօրեն (ֆինանսական գործառույթների գծով), վիճակագիր (առողջապահության բնագավառում), մենեջեր (արտադրության, սպասարկման ոլորտներում), իրավաբան, տնտեսագետ, համայնքային սոցիալական ծառայող, ատամնաբույժ, բուժքույր, դեղագործ), հաշվետար, ճարտարագետ, գանձապահ, գործավար, օպերատոր (համակարգչային), հրուշակագործ, մատուցող, հացթուխ, դայակ, դաստիարակ, վաճառող, վարսահարդար, մատնահարդար, բանվորական այլ մասնագիտություններով աշխատողներ:
Ելնելով այն հանգամանքից, որ ծրագրի միջոցով հնարավոր է ապահովել հնարավորինս մեծ թվով անձանց կայուն զբաղվածություն՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2017թ. ավելացել է ծրագրում ընդգրկման ենթակա շահառուների թիվը. պլանավորված 751 շահառուի փոխարեն տարվա ընթացքում նախատեսվում է ընդգրկել 4500 շահառուի:

«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում». ծրագրում ընդգրկվել է 13 առաջին անգամ աշխատաշուկա մտնող երիտասարդ:
Ծրագրի կայուն զբաղվածության գործակիցը 2016թ. կազմել է 81 %:
Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է: Ծրագրի տևողության ընթացքում պրակտիկանտին վճարվել է աշխատավարձ` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Ծրագրի նպատակն է աջակցել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդին` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու հարցում: Ծրագրում ընդգրկվել կարող են այն երիտասարդները, ովքեր մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում դիմել և հաշվառվել են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում:

Մասնագիտական ուսուցման կազմակերպում. նախատեսված է տարվա ընթացքում ծրագրում ընդգրկել 500 անձի: 178 անձի համար ներկայացվել է ծրագրում ընդգրկվելու հայտ:
Ծրագրի իրականացման կարգում կատարված փոփոխությունների համաձայն ծրագիրն այսուհետ իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված կազմակերպության միջոցով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս