Շուրջ 60 հազար ուսանողներ կզրկվեն անվճար բուժսպասարկումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը առաջիկայում կլուծարի առողջապահության ենթակայության տակ գտնվող «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» եւ «Հատուկ պոլիկլինիկա» ընկերությունները: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընկերությունները լուծարելու արդյունքում կառավարությունը նախատեսում է խնայել մոտ 150 մլն դրամի չափով գումար:

Տեղեկացնենք, որ «Օշական վերականգնողական կենտրոն» ընկերությունը զբաղվում է հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժօգնությամբ: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության եկամուտի միակ աղբյուրը պետական պատվերով մատուցվող ծառայություններն են: Եւ վերականգնողական կենտրոնը փաստացի որեւէ տիպի վճարովի ծառայություն չի մատուցում` ի տարբերություն մրցակից այլ կազմակերպությունների: Ըստ առողջապահության նախարարության` ներկայումս նման ծառայություններ իրականացվում են այլ մասնագիտացված կենտրոնների կողմից: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընկերությունն ունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված տարածքային պայմանների բարելավման, վերազինման հետ, որի արդյունքում միայն այն կլինի առավել մրցունակ: Նկատենք, որ ընկերության անցած տարվա եկամուտը կազմել է 47 մլն դրամ, իսկ ծախսերը` 46.9 մլն դրամ: «Օշական վերականգնողական կենտրոն»-ը պարտավորություններ չունի: Ընկերությունում աշխատում են 34 հոգի: Ընկերության լուծարման արդյունքում կառավարությունը նախատեսում է 47 մլն դրամի չափով խնայողություն:

Իսկ լուծարվող մյուս ընկերությունը` «Հատուկ պոլիկլինիկա»-ն սպասարկում է Երեւանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող շուրջ 60 հազար ուսանողներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ընկերությունում բուժսպասարկում ստանում են Երեւանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` մայրաքաղաքի, ՀՀ մարզերի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ու Վրաստանի Հանրապետության Ջավախքի տարածաշրջանից եկած ուսանողներին: Նրանց այդպիսով հնարավորություն է ընձեռնվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալ իրենց մշտական բնակության վայրից դուրս:
Նշենք, որ սպասարկում են շուրջ 60 հազար ուսանողների, որոնցից, 32 հազար 932-ը` Երեւանից են, 26 հազար 811 -ը` ՀՀ մարզերից, իսկ 3 հազար 43-ը` արտերկրից (վճարովի հիմունքներով): ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերության 2016 թվականի եկամուտը կազմել է ավելի քան 158.5 մլն դրամ, իսկ ծախսերը` 148.7 մլն դրամ:

Այս ընկերությունը եւս պարտավորություններ չունի: Ավելին, նույնիսկ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք չունի: Ընկերությունում աշխատում են 99 հոգի, որոնք լուծարման արդյունքում կդառնան գործազուրկ: Նկատենք, որ այս ընկերության լուծարման դեպքում խնայողությունը կկազմի 100 մլն դրամ:
Ստացվում է, որ կառավարության այս քայլից հետո շուրջ 60 հազար ուսանողները եւ հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնք անվճար, պետպատվերի հիմունքներով բուժսպասարկում էին ստանում, նոր խնդիրների առաջ են կանգնելու: Հուսանք՝ նախարար Լեւոն Ալթունյանը նախապես ծրագրավորել է խնդրի լուծումը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս