Գյուղական համայնքներում տնային տնտեսությունները նախապատրաստվում են՝ զբոսաշրջիկներին ընդունելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմք» բարեգործական բնապահպանական հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզի Բյուրական, Ոսկեվազ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Օրգով և Տեղեր համայնքներում (որպես մեկ կլաստեր) իրականացնում է միջոցառումների շարք, որոնց նպատակն է նշված համայնքներում նպաստել էկոտուրիզմի զարգացմանը՝ համայնքի բնակիչների ներգրավմամբ, տուրիստական ուղղությունների մշակմամբ ու ուղղորդող նշանների տեղադրմամբ։

«Իմ էկո-ագրո-մշակութային երթուղին» խորագրով ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
«Հիմք» ՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ Բյուրականի Աստղադիտարան-Ամբերդ ամրոց- Արագած լեռ (Քարե լիճ)- Աղձքի դամբարան զբոսաշրջային ակտիվ երթուղիներ են, որտեղ տարեկան ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ է այցելում։ Սակայն տուրիստները միայն այցելում են տեսարժան վայրեր և հեռանում, քանի որ չկան ենթակառուցվածքներ այնտեղ մնալու համար։ Իրականացվող ծրագրի նպատակն է օգնել, որպեսզի համայնքները դառնան հանգրվան՝ հնարավորություն ընձեռելով զբոսաշրջիկներին մնալ այնտեղ և մանրամասն ծանոթանալ տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորություններին։
«Հիմքի» ներկայացուցիչներն աշխատանքներ են տարել համայնքների ընտանիքների հետ, առանձնացվել են տնային տնտեսություններ, որոնք պատրաստ են տուրիստների ընդունելու։ Նրանց հետ անցկացվել են դասընթացներ, արդեն իսկ կատարվել է զբոսաշրջիկների այցելություններ նշված տնային տնտեսություններ։
Որոշ տնտեսություններ արդեն ինքնուրույն են ներգրավում տուրիստների իրենց տներում։

Ծրագրի շրջանակներում 10 երիտասարդներ վերապատրաստվել են էկոտուրիզմի, պատմամշակութային վայրերի և գյուղական ավանդույթների վերաբերյալ թեմատիկ դասընթացների միջոցով։ Մշակվել են նաև տուրիստակն ուղղություններ, որոնք անցնում են վերոնշյալ համայնքներով, տեղադրվել են համապատասխան նշաններ և ցուցանակներ։ Այս ուղղությունների մասին տեղեկությունները տրամադրվել են տուրիստական ընկերություններին։
«Հիմք» ՀԿ-ի ներկայացուցիչներն օգոստոսի սկզբին Գերմանիայում մասնակցելու են համայնքային երիտասարդների զարգացման թեմայով աշխատաժողովի, որի ընթացքում կներկայացվեն նաև նշված ծրագրի շրջանակներում պատրաստված փաթեթները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս