Մինչ անկախ միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունների անվան տակ գործող ընկերությունները (բնականաբար, Բաղրամյան 26-ի պատվերով) գուժում են վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի կտրուկ անկման մասին՝ այդպես կամաց-կամաց նախապատրաստելով պաշտոնանկության գործընթացը, գործադիրի ղեկավարը զբաղված է զանազան շոուներով:
Հիմա էլ Կարապետյանի կառավարությունը որոշել է Հայաստանում մեգապոլիսներ ստեղծել, այն էլ ոչ թե մեկը-երկուսը, այլ միանգամից 8-10-ը: Այդ մեգապոլիսների թվում է լինելու նաեւ Ջերմուկը, որի զարգացման համար կառավարությունը երեկ 1 մլրդ 190 մլն դրամ հատկացրեց: «Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս է»,- կես լուրջ-կես կատակ ասել է Կարեն Կարապետյանը: Ճիշտ եւ ճիշտ իր նախորդների նման:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, եթե հիշում եք, Դիլիջանն էր ֆինանսական կենտրոն դարձնում, Ջերմուկը՝ տուրիստական եւ շախմատային կենտրոն, Գյումրին՝ տեխնոպարկ եւ, ընդհանրապես, նա մտադրվել էր Հայաստանն ամբողջությամբ դարձնել տարածաշրջանային կենտրոն: Թե ինչ անփառունակ վախճան ունեցան Տիգրան Սարգսյանի ծրագրերը, հավանաբար, բոլորն են հիշում. որքան շատ էր կառավարությունը խոսում անելիքների մասին, այնքան ավելի արագ էր տնտեսությունը քանդվում ու գահավիժում: Ենթադրվում է՝ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Կարապետյանի ծրագրերին:
Ի վերջո, մեգապոլիսներ ստեղծելու առաջին քայլը պետք է լիներ երկրում ժողովրդագրական վիճակի բարելավումը, ինչն էլ իր հերթին կապահովի զարգացում: Բայց արի ու տես, որ մեզանում միանգամայն հակառակ վիճակն է. Հայաստանն օր օրի դատարկվում է: Իսկ դատարկվող երկրում որքան էլ օլիգարխները հսկայական հյուրանոցային, ռեստորանային համալիրներ կառուցեն, որքան էլ արտաքին էֆեկտն ապահովեն, միեւնույն է՝ դրանից իրավիճակը չի փոխվի, եւ մեգապոլիսներ չեն դառնա: Այնպես որ, խնդիրը շատ ավելի խորն է եւ ավելի գլոբալ լուծումներ է պահանջում, քան իշխանություններն են ներկայացնում:
Էլ չենք խոսում վարչապետի մյուս նախաձեռնությունների մասին՝ մաքուր Հայաստանի, ծխելու դեմ պայքարի ուղղությամբ. ծրագրեր, որոնք հազիվ թե նպաստեն երկրի զարգացմանը, ծրագրեր, որոնք որեւէ առնչություն չունեն Հայաստանի օրակարգային հարցերի հետ:
Տպավորություն է, թե վարչապետն այս ամենն անում է ուղղակի իր համար զբաղմունք ապահովելու նպատակով՝ համակերպվելով այն մտքի հետ, որ մի քանի ամիս անց իրեն էլ են զոհաբերելու, եւ ինչպես նախորդներին, ինքն էլ մի օր կառավարության նիստից առաջ կամ հետո իմանալու, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Չէ՞ որ ակնհայտ է՝ նրա շուրջ գնալով սեղմվում է օղակը, եւ ներպալատական ինտրիգները խորանում են՝ նախապատրաստելով փոփոխությունների շրջանը: