Քաղաքական զբոսաշրջության ժամանակները. ո՞վ է լուրջ ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ծրագրի տնտեսական բաժնում առաձին անդրադարձ կա Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Պետք է ասենք, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում իրոք ունի լուրջ ներուժ: Պարզապես պետք է այդ ներուժը ճիշտ օգտագործել, եւ տնտեսական դրական արդյունքներն իրենց շատ սպասեցնել չեն տա: Այնպես որ, տուրիստներն օգտակար են, եւ պետք է խրախուսել նրանց՝ հաճախ այցելեն Հայաստան:

Բայց այս ամենը չի վերաբերում քաղաքական տուրիզմին, որովհետեւ քաղաքական տուրիստները (իսկ այդպիսիք մեզանում քիչ չեն) ոչ միայն լուրջ չեն ընկալվում, այլեւ արդեն ծիծաղելի են թվում: Թեկուզ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ոչ վաղ անցյալում ազդեցիկ կուսակցության առաջնորդ, նախագահի ընդդիմադիր թեկնածու, փաստացի՝ ընդդիմության առաջնորդ, որը պաշտոնապես մոտ կես միլիոն ձայն էր հավաքել (իսկ ոչ պաշտոնապես, իրականում նա էր հաղթել ընտրություններում), հետո ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկն էր:

Եւ ահա, Րաֆֆի Հովհաննիսյանը տարվա հիմնական մասն արտերկրում է, հետո երբ որոշում է կարճ ժամանակով վերադառնալ Հայաստան, սկսում է քաղաքական դաշտում աջ ու ձախ նամակներ հղել, երկրի փրկության պաթոսախեղդ ծրագրեր ու ճանապարհային քարտեզներ հրապարակել, եւ վերջապես ընդդիմադիրներին այդ ամենի շուրջ միավորվելու կոչեր հնչեցնել:

Ժամանակին քաղաքական դաշտում արձագանքում էին նրա առաջարկներին, ճիշտ է՝ հիմնականում մերժում էին, բայց արձագանք, այնուամենայնիվ, լինում էր: Պարզապես մինչ ընդդիմադիր մյուս ուժերը հասցնում էին քննարկել ու արձագանքել Հովհաննիսյանին, նա կրկին անհետացած էր լինում: Հիմա արդեն որեւէ մեկը չի արձագանքում նրա առաջարկներին, անգամ հարկ չի համարում քննարկել դրանք: Այդպես անպատասխան մնացին Րաֆֆու վերջին նախաձեռնությունները, երբ «Ժառանգության» հունիսյան համագումարի ժամանակ նա կոչ էր անում ընդդիմությանը կրկին միավորվել:

Չնայած այս ամենին Րաֆֆի Հովհաննիսյանը, միեւնույն է, շարունակում է մնալ աննկուն եւ ընդդիմադիր դաշտի միավորման հերթական նախաձեռնությունն է փորձում իրագործել: Նրա ղեկավարած կուսակցության անդամներն էլ հարցազրույցներ են տալիս՝ տեղեկացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումների շարք է սկսել ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ուժերի հետ:

Ցավոք, «Ժառանգության» անդամները չեն բացում փակագծերն ու չեն մանրամասնում բանակցությունների գոնե նախնական արդյունքները: Համաձայնեք՝ հետաքրքիր կլիներ իմանալը, թե ովքեր են լուրջ ընդունել այս ամենն ու համաձայնել նրա հետ քննարկումների սեղան նստել: Չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն եզակի գործիչներից էր, որը շատ կարճ ժամանակում հասցրեց ոչնչացնել իր ռեսուրսները՝ փոշիացնելով կես միլիոն քվեները, նաեւ կամաց-կամաց մաշեցնելով կուսակցությունն ու հասցնելով այն ոչնչացման եզրին:




Լրահոս