Հայաստանի մսամթերքի եւ ձկնամթերքի շուկաներում կտրուկ թանկացումներ են արձանագրվել: Ընդ որում, մսամթերքի գները հետեւողականորեն են բարձրացել: Օրինակ՝ տավարի միսը այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 0.9, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 5.1 տոկոսով: Սակայն է՛լ զգալի թանկացել է խոզի միսը. այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 6.9, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 25.9 տոկոսով:
Թանկացում գրանցվել է նաեւ գառան, ոչխարի մսի շուկայում. հուլիսին, հունիսի համեմատ` 1.9, իսկ 2016 թվականի հուլիսի համեմատ` 16 տոկոս: Նույն պատկերն է նաեւ թռչնամսի (հուլիսին, հունիսի համեմատ՝ 0.3, իսկ 2016 թվականի հուլիսի համեմատ` 1 տոկոսով), ձկնամթերքի (այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, 0.2, իսկ անցած տարվա հուլիսի համեմատ՝ 21.1 տոկոսով) շուկաներում: Այսօր երեւանյան սուպերմարկետներում տավարի մսի մեկ կգ-ը վաճառվում է 2600-2700, գառան մսինը` 3500-3600 դրամով, խոզինը` 3300-3900 դրամով: Կարծիք կա, որ մսամթերքի գների բարձրացումը պայմանավորված է սեզոնային գործոնով, երբ մարդիկ իրենց հանգստի ժամանակ շատ են միս օգտագործում: