Կարեն Կարապետյանի կառավարության ձեռքբերումները նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հարցազրույցն ուշագրավ էր: Սկզբում Աբրահամյանն անդրադարձել է իր ընտանիքին պատկանող բիզնեսը վաճառելու եւ կապիտալն արտերկիր տեղափոխելու լուրերին՝ հայտարարելով. «Պետական կառավարման համակարգում երկարամյա ծառայության ընթացքում դադարել էի զբաղվել գործարարությամբ, մի բան, որով շատ արդյունավետ էի զբաղվում տարիներ առաջ։

Հիմա ժամանակ ունեմ, ունեմ շատ գաղափարներ ու աշխատում եմ դրանց իրականացման ուղղությամբ։ …Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում։ Դա նախ` վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, եւ երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչեւ վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է»։

Այնուհետեւ Աբրահամյանը խոսել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին` շեշտելով ձեռքբերումները: «Ուրախանում եմ ակնհայտ ձեռքբերումներով:

Ինձ ուրախացրեց, որ ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության պատուհանի բացման՝ դեռ երկու տարի առաջ սկսած մեր ջանքերը, իրավակարգավորման այդ ողջ աշխատանքը վերջապես դրական ավարտ ունեցավ, ինչի արդյունքները, կարծում եմ, արդեն իսկ տեսանելի են։

Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ շատ երկար ենք աշխատել, կարծում եմ` շուտով այն լիարժեքորեն կսկսի գործել. դրա արդյունքnերն էլ արագ տեսանելի կլինեն։ Անհամբերությամբ եմ սպասում 2014 թվականին ջրամբարաշինությունը գերակա ուղղություն հռչակելու շրջանակում նախաձեռնված կարեւորագույն 4 ջրամբարների կառուցման ծրագրի հաջողությանը. այդ ծրագրերը երկար ու հետեւողական աշխատանք են պահանջել եւ նույնպես մեծ էֆեկտ են ունենալու։ Նույնը գյուղմթերքների արտահանման լայն ենթակառուցվածքի ձեւավորման դաշտում է»,- հայտարարել է նա:

Առաջին հայացքից տպավորություն է, թե տարեսկզբին ՀՀԿ-ից հեռացած եւ Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճում մայր գետերի, ինքնամոռաց առվակների ու գետը լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերի կողմից հունը «մխտռելու» մասին հայտարարած Աբրահամյանը մեղմացրել է տոնայնությունն ու այսօր գովում է նոր կառավարության ձեռքբերումները:

Բայց իրականում այդ ձեռքբերումների մասին խոսելիս նա բաց տեքստով հայտարարել է, թե հիմքերը դրվել են դեռ իր վարչապետության օրոք: Ասել է, թե Հովիկ Աբրահամյանն ուղիղ տեքստով ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ վարչապետ Կարեն Կարապետյանին, ե՛ւ, ընդհանրապես, իշխանություններին հասկացնում է, որ եղած դրական երեւույթները ոչ թե նրանց, այլ իր կառավարության աշխատանքի արդյունքն են, հետեւաբար պարտական են իրեն: Հետաքրքիր է՝ ինչպես այս ամենին կարձագանքի իշխանությունը:




Լրահոս