Արդյոք «Նաիրիտի» հրդեհը կապ ունի՞ ներդրումային նոր ծրագրի հետ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում երեկ հերթական արտակարգ իրավիճակն էր. պայթյունի հետեւանքով ուժեղ հրդեհ էր բռնկվել «Նաիրիտ» գործարանում: Փրկարարներին հրդեհը հանգցնել հաջողվեց միայն օրվա վերջում: Բարեբախտաբար ամեն ինչ ավարտվեց առանց զոհերի ու վիրավորների: Արդեն մի քանի տարի է՝ այս գործարանը չի աշխատում, եւ երեկ էլ պայթյունի ժամանակ տարածքում մարդ չի եղել: Քիմիական գործարանի հրդեհը լուրջ անհանգստության տեղիք է տվել բնակչության շրջանում: Ճիշտ է՝ արդեն օրվա վերջում իշխանությունները փորձեցին հանգստացնել՝ ասելով, որ սպասվող քամու հետեւանքով հրդեհի առաջացրած ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա Թուրքիա, եւ բացի այդ՝ այրված քիմիական նյութերը բնակչության առողջության համար վտանգ չեն ներկայացնում, պարզապես գործարանի հարակից տարածքներում պետք չէ երկար ժամանակ անցկացնել: Սակայն այս պնդումներն այնքան էլ համոզիչ չեն հնչում, թեկուզ եւ այն առումով, որ այս իշխանությունները վաղուց սպառել են վստահության պաշարները: Բացի այդ՝ նույն հաջողությամբ Չերնոբիլի ատոմակայանի վթարից հետո էլ Խորհրդային իշխանություններն էին պնդում, թե որեւէ վտանգ չկա՝ փորձելով գաղտնի պահել եղելությունը:

«Նաիրիտ»-ի պայթյունի եւ հրդեհի պատճառների մասին առայժմ ոչինչ չի նշվում: Սակայն զարմանալի զուգադիպությամբ այս հրդեհը հաջորդեց մի քանի ուշագրավ իրադարձության, ինչն էլ տարբեր ենթադրությունների տեղիք էր տվել:
Վերջին շրջանում կրկին ակտիվացել էին «Նաիրիտ»-ի վերագործարկման մասին խոսակցությունները: «Նաիրիտ»-ը վերագործարկելու առաջարկ էր ներկայացրել «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը, որի ներկայացուցիչներն օգոստոսի 8-ին հանդիպել էին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ քննարկելու իրենց ծրագրերը: Այս հոլդինգի ներկայացուցիչները դեռ նախորդ տարի հայտարարել էին «Նաիրիտ»-ում մոտ 100 մլն դոլարի ներդրում կատարելու պատրաստակամության մասին: Բայց վերջին հանդիպման ժամանակ ցանկություն էին հայտնել իրենց միջոցներով տեխնիկական աուդիտ անցկացնել՝ գործարանի ներկա վիճակը պարզելու համար։

Մյուս կողմից երեկ հայտնի դարձավ, որ հրդեհը բռնկվել էր այն արտադրամասում, որի պետին ու եւս 20 աշխատակցի հուլիսի 1-ից հեռացրել էին աշխատանքից: Մինչդեռ նախկինում «Նաիրիտ»-ի այդ արտադրամասում ուժեղացված վերահսկողություն է եղել՝ նման պայթյունավտանգ իրավիճակներից խուսափելու համար:
Արդյո՞ք այս իրադարձությունները կապված են երեկվա հրդեհի հետ, թե՞ դրանք սոսկ համընկնումներ էին, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ պետք է արձանագրենք, որ «Նաիրիտ»-ի այսօրվա վիճակը հայաստանյան իրականության լավագույն արտացոլանքն է:




Լրահոս