ԴԱՏԱԽԱԶՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրությունների օրը ընտրակեղծարարության դիմած անձինք հայտնվել են տխուր իրավիճակում: Մի քանի գործով մեղադրող դատախազները դիմել են վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը, եւ որ նրանք իրենց պատիժը կրեն քրեակատարողական հիմնարկներում: Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ապրիլի 2-ին Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանը 16/3 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ էր արել: Ըստ Արմավիրում տարածված լուրերի՝ Կաղզվանցյանը ՀՀԿ անդամ է, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականը, եւ չի բացառվում, որ հենց ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար էր նա կրկնակի քվեարկության փորձ արել: Ամեն դեպքում նա այս արարքի համար դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն դատարանը պայմանականորեն նրա պատիժը չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով: Եւ ահա մեղադրող դատախազ Արամ Դոլինյանը հուլիսի 10-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ ընտրակեղծարարը պատժվի եւ կատարած արարքի համար 2 տարի ազատազրկման մեջ գտնվի:
Այսպիսի խիստ վերաբերմունքի է արժանացել նաեւ Վանաձորի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանը: Մեղադրող դատախազ Ռուդիկ Մինասյանը միջնորդել է դարձյալ կրկնակի քվեարկության փորձ արած ընտրակեղծարար Արտյոմ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված պայմանական պատիժը վերացվի, եւ նա 2 տարի մնա կալանքի տակ:
Նկատենք, որ մեղադրող դատախազները նման խիստ հետապնդում չիրականացրին 2015 թվականի դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրակեղծարարության դիմած անձանց նկատմամբ: Օրինակ՝ Նիկոլայ Մոսինյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, լինելով թիվ 4/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ, կազմված ընտրական փաստաթղթերում եւ արձանագրություններում ակնհայտ սխալ տվյալներ էր ներկայացրել՝ այս կերպ կեղծելով քվեարկության արդյունքները: Սակայն այդ արարքի համար դատարանը ազատազրկման դատապարտեց 3 տարի ժամկետով, եւ դարձյալ պատիժը պայմանականորեն չկիրառվեց:
Իսկ, օրինակ, Սամվել Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, լինելով Երեւան քաղաքի 4/12 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, քվեարկել էր այլ քաղաքացիների փոխարեն: Բայց դրա համար նա տուգանվեց ընդամենը 600 հազար դրամով:
Այս եւ շատ այլ դեպքերում մեղադրող դատախազները չբողոքարկեցին նրանց մասով կայացված որոշումները: Միգուցե արդարության վերականգման մղում չունե՞ին, կամ համապատասխան քաղաքական հրահանգը չկա՞ր:
Ընդ որում, նկատենք, որ հանրաքվեի օրը ընտրակեղծարարներն իրենց հանցանքը մինչեւ վերջ ավարտին էին հասցրել, իսկ ահա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության դիմած անձինք չէին հասցրել իրենց գործը մինչեւ վերջ, քանի որ նույնականացման սարքի կողմից հնչել էր համապատասխան ազդանշանը, եւ «բռնվել էին» տեղում:
Ստացվում է, որ ընտրակեղծարարության գործընթացը ավարտին հասցրած անձինք առավել մեղմ պատժի են արժանացել, քան այն անձինք, որոնք փորձել էին գնալ ընտրակեղծարարության, բայց ձախողվել էին:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարների նկատմամբ դատախազները որոշել են խիստ լինել: Ինչո՞վ է այս արդարադատությունը պայմանավորված:
-Ճիշտն ասած, ո՛չ պրոցեսին եմ տեղյակ, ո՛չ էլ դրանով պետք է զբաղվեմ, քանի որ դա իմ ոլորտը չէ: Իմ կարծիքով, պետք է դիմեք դատախազություն:
-Դուք՝ որպես արդարադատության նախարար, ինչպե՞ս եք գնահատում այն իրավիճակը, երբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիք կատարած անձինք, որոնք իրենց հանցանքը ավարտին էին հասցրել, պատժվեցին ընդամենը տուգանքով, իսկ խորհրդարանական ընտրություններին հանցափորձ կատարած անձանց պահանջում են կալանավորել:
-Դուք ճիշտ հասցեատիրոջը չեք դիմում, ես սրանով ո՛չ զբաղվում եմ, ո՛չ ի պաշտոնե պետք է զբաղվեմ:
-Բայց որպես արդարադատության նախարար տեղեկություն չունե՞ք՝ ընտրովի արդարադատությունը քաղաքակա՞ն որոշման հետեւանք է, թե՞ անտրամաբանական զուգադիպություն: Կարծիք կա, որ ՀՀ իշխանությունները ընտրակեղծարարների դեմ պայքարի իմիտացիա են ստեղծում, որը պայմանավորված է ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկի հայտնի հայտարարության հետ:
-Դուք Ձեր հարցի պատասխանը լսեցիք, շնորհակալությո՛ւն:
Ինչեւէ, ընտրակեղծարարների նկատմամբ իշխանությունների աննախադեպ խիստ պահվածքը, թերեւս, պատահական չէ: Ակնհայտ է, որ դատախազների նմանօրինակ մոտեցումը քաղաքական որոշման հետեւանք է: Դատախազների կողմից այս մոտեցումը ցույց տալով՝ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն միջազգային հանրության, մասնավորապես ԵՄ-ի մոտ ցույց տալ, թե հետամուտ են ընտրակեղծարարներին խիստ պատժի արժանացնելու հարցում եւ անողոք են նման հանցագործություն կատարողների նկատմամբ: Իսկ թե ինչ որոշում կիրականացնի ՀՀ վերաքննիչ դատարանը, թերեւս դժվար չէ կանխատեսել:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱԿԱՍԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ
Երեկ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Սեւանի «ՄիրաԺ» հանգստյան գոտում տեղի ունեցած աղմկալի միջադեպի գործով իրավապահները հարցաքննության էին հրավիրել մահացած Աշոտ Հովհաննիսյանի որդուն, որը եղել է միջադեպի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ 2017թ. հուլիսի 30-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Միրաժ» հանգստյան գոտում նավ վարող Աշոտ Հովհաննիսյանի եւ Արգավանդ գյուղի բնակիչ Դավիթ Առաքելյանի միջեւ, որից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացել էր: Այս մասին իմանալով՝ Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած, վիճաբանությանը մասնակցած անձանց հետեւից: Այնուհետեւ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, հասնելով այն ավտոմեքենային, որտեղ գտնվում էր 28-ամյա երիտասարդը, կրակել է վերջինիս գլխին, ով ստացած վնասվածքից մահացել է:
Այս միջադեպի արդյունքում Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն, նա կալանավորվել է:
Նախ տեղեկացնենք. իրավապահները պարզել են, որ զենքը, որով Էդգար Հովհաննիսյանը կրակել է Դավիթ Առաքելյանին, իր օրինական որսորդական զենքն է եղել:
Մինչ իրավապահները փորձում են հասկանալ կատարվածի պատճառահետեւանքային կապը, դատաբժշկական փորձագետը տվել էր նախնական եզրակացություն, ըստ որի՝ Աշոտ Հովհաննիսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նրա մարմնի վրա առողջության համար նույնիսկ թեթեւ վնաս պարունակող վնասվածքներ չեն հայտնաբերվել: Բայց մահացած Աշոտ Հովհաննիսյանի հարազատները սպասում են դատաբժշկական փորձաքննության հիմնական եզրակացությանը: Եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի հաստատ իմանալ՝ ծեծելո՞վ են սպանել նավավարին, թե՞ ծեծի ժամանակ ինֆարկտ է ստացել ու մահացել:
Իսկ հիմա անդրադառնանք այս պատմության ամենակարեւոր հարցին. մահացած Դավիթ Առաքելյանի հորեղբոր որդին՝ Սպարտակ Առաքելյանը, հայտնել էր, որ Աշոտ Հովհաննիսյանին չեն ծեծել. «Մենք էդ մարդուն ընդհանրապես չենք կպել»: Մինչդեռ Աշոտ Հովհաննիսյանի հարազատները միանգամայն այլ ցուցմունքներ են տալիս:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մահացած Աշոտ Հովհաննիսյանի հարազատները, որդին եւ դեպքի ականատեսները իրավապահներին պատմել են, թե ինչպես են Աշոտ Հովհաննիսյանին գցել գետնին, ծեծել, ինչն էլ նրա մահվան պատճառն է դարձել:
Այսօր փաստն այն է, որ այս պատմության առիթով հարուցված քրեական գործով կալանավորվածը միայն Էդգար Հովհաննիսյանն է, որը հոր կորստի ցավից մարդասպան դարձավ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է
Երեւանի ավագանու ընտրություններից առաջ «Ելք» խմբակցության ներկայացրած նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է: ««Ելք» դաշինքի կողմից իրավապահներին ներկայացրած «Զիբիլիքս» անունով հայտնի նյութերի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով»,- հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել: Դաշինքը ներկայացրել էր աղբամաններից գտած թղթեր, որոնք, ըստ դաշինքի անդամների, վկայությունն էին այն բանի, որ Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված բնույթ:

 

 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎՈՒՄ
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի բնակարանի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքի հանգամանքները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով», որով նախաքննությունն իրականացվում է քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ
Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հավաքվել էին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով կալանավորվածների հարազատները, ինչպես նաեւ հուլիսյան իրադարձությունների ժամանակ Սարի թաղում ոստիկանների հետ բախման ենթարկված սարիթաղցիների հարազատները: Սարի թաղում ոստիկանների հետ բախման արդյունքում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը, հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ են գտնվում նաեւ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի մայրը՝ Սաթենիկ Պողոսյանը, Անդրեաս Ղուկասյանի կինը: Նրանց թույլ չեն տվել տեսակցել հարազատներին:

 

 

ՀՐԵԼՈՎ ՀԵՌԱՑՐԻՆ
Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում էր ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալ Թեւոս Թեւոսյանին ներկայացնեն նիստերի դահլիճ, սակայն միջնորդությունը մերժվեց, ինչից հետո ամբաստանյալ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը: Վերջինիս նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա՝ հեռացում նիստերի դահլիճից 10 ժամով: Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանն էլ նշեց, որ ինքը միջնորդություն ունի ներկայացնելու. «Քանի որ դուք թքած ունեք իմ առողջության վրա…7»,-չհասցրեց ավարտել իր խոսքը: «Տեղից մի՛ խոսեք, Դուք էլ եք գնում, դե, ուրեմն Ձեր նկատմամբ եւս կիրառվում է դատական սանկցիա՝ նիստերի դահլիճից հեռացում 10 ժամով»,-ասաց դատավորը, որից հետո նրան հրելով հեռացրին դահլիճից:




Լրահոս