Ադրբեջանը պետք է հաստատի հավատարմությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման 3 սկզբունքներին. Էդվարդ Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Ադրբեջանը իսկապես ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկները և պատրաստ է դրանց հիման վրա գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, պետք է հաստատի և գործնականում ապացուցի, որ կողմ է հիմնախնդրի կարգավորման այն սկզբունքներին, որ առաջարկում են եռանախագահող երկրները: Օգոստոսի 30-ին Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն` արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների:

«Ադրբեջանը շարունակում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին: Ասում է, որ պատրաստ է սուբստանտիվ բանակցության: Ի՞նչ է նշանակում սուբստանտիվ: Այսինքն, բովանդակային, առարկայական. ի՞նչ է ուրեմն վերջին առնվազն 10 տարվա ընթացքում նախագահների մակարդակով 20, արտաքին գործերի նախարարների մակարդակով 4 տասնյակից ավելի բազմաթիվ հանդիպումները եռանախագահների հետ եղել են բովանդակությունից զո՞ւրկ: Ըստ Ադրբեջանի՝ այդպես է ստացվում արդյո՞ք: Եթե Ադրբեջանը իսկապես ընդունում է եռանախագահող երկրների առաջարկները և պատրաստ է այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման, պետք է հաստատի և գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի կարգավորմանը այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել է եռանախագահող երկրների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Նալբանդյանը: Նա հավելեց, որ այդ սկզբունքների մասին բազմիցս խոսվել է. խոսքը երեք սկզբունքների մասին է` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք: «Սրա մասին բազմիցս են հայտարարել եռանախագահող երկրները: Հայաստանը համամիտ է եռանախագահող երկրների հետ: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը փաստորեն մերժում է այդ սկզբունքները և անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնցում ընդամենը հղում է կատարվում այդ սկզբունքներին»,- ընդգծեց նախարարը:

Նա հավելեց` եթե Ադրբեջանը իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահող երկրների առաջարկների հիման վրա, ապա պետք է հաստատի և գործնականում իրականացնի այն, ինչ առաջարկում են եռանախագահները, որը վերաբերվում է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և հարգի 1994-1995թթ զինադադարի համաձայնագրերը: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը համամիտ է եռանախագահների հետ, իսկ Ադրբեջանը մերժում է այդ հանձնառությունները վերահաստատելու և զինադադարը հարգելու կոչերը: Նրա խոսքով` Ադրբեջանը նաև պետք է իրականացնի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ադրբեջանցիները իրենց վերջին հայտարարության մեջ ևս մեկ անգամ հիշատակեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք ընդունվել են 1993թ-ին: Նախարարը պատահական չի համարում այն, որ եռանախագահները որևէ անգամ այդ բանաձևերին հղում չեն կատարում, որովհետև դրանց հիմնական նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն էր, և Ադրբեջանի պատճառով էր, որ այդ ռազմական գործողություններն անհնար էր դադարեցնել, քանի որ հենց Ադրբեջանը չէր հարգում այդ բանաձևերը: «Միայն 1994թ. մայիսին հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները զինադադարի համաձայնագրի շնորհիվ, որը ստորագրվեց Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև: Այդ համաձայնագիրն անժամկետ է, և եռանախագահողները բազմիս կոչ են արել հարգել այն և պահպանել զինադադարը»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ ԱԳ նախարարը նաև շեշտեց` եթե Ադրբեջանը իսկապես պատրաստ է գնալ հիմնախնդրի կարգավորմանը, ապա չպետք է փորձի հղում կատարել միայն այն տարրերի վրա, որոնք իրեն դուր են գալիս, այն էլ` աղավաղված ձևով: «Գիտեք, որ եռանախագահների 5 հայտարարությունների մեջ նշված են երեք սկզբունքները և տարրերը, որոնց հիման վրա հիմնախնդիրը պետք է կարգավորվի: Նրանք բազմաթիվ անգամ ասել են, որ այդ տարրերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առաջնայնություն չունի: Հայաստանը համամիտ է եռանախագահների հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի , որը հղում է կատարում միայն մեկ-երկու տարրի և այն էլ աղավաղում է այդ տարրերը: Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն ձևացնել վատ խաղի ժամանակ: Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է միանալ այդ ջանքերին, ապա նախ պետք է վերահաստատի հավատարմությունը այն երեք սկզբունքներին, որոնք եռանախագահներն են առաջարկում»,- եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:




Լրահոս