Զարգացնում ենք տուրիզմը՝ քոթեջներում սպասք չտրամադրելով. զբոսաշրջիների ահազանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հայրենակիցները Ռուսաստանի Դաշնությունից ժամանել էին Հայաստան՝ իրենց ամառային հանգիստն այստեղ անցկացնելու նպատակով: Նրանք, սակայն, իրենց դժգոհությունը, ինչպես նաև զայրույթն արտահայտեցին ArmLur.am-ի հետ զրույցում: Սևանում գտնվող Noy Land հանգստյան գոտում վերջիններս վարձել են երկու քոթեջ՝ երկու օրվա համար վճարելով 150.000 դրամ: Գումարն իր մեջ ներառել է միայն նախաճաշը:

Մեր ընթերցողներին բարկացրել է այն, որ վճարելով ահռելի գումար՝ ընդամենը երկու օր հանգստանալու համար, նրանք հայտնաբերել են, որ իրենց քոթեջներում բացակայում է սպասքն առհասարակ: Երբ նրանք խնդրել են իրենց դանակ, ափսեներ և այլ պարագաներ բերել, մերժում են ստացել, երբ առաջարկել են թեկուզ վճարել դրանց դիմաց, նույնպես մերժում են ստացել:

Ավելին քոթեջներում անգամ ատամի խոզանակ ու մածուկ չի եղել, որոնք տարրական հիգիենիայի պարագաներ են:

Հանգստյան գոտու տնօրինությունը նշել է, որ արգելվում է սպասք տրամադրելը, սակայն չի մանրամասնել, թե ինչու: Զբոսաշրջիկներին զայրացրել է այն հանգամանքը, որ երբ Երևանից հյուրեր են եկել, իրենց քոթեջի կողքի մանղալի վրա խորոված են պատրաստե լև համտեսելու համար, ստիպված են եղել դիմել լավաշի օգնությանը. այն ծառայել է որպես ափսե:

ArmLur.am-ը զանգահարեց հանգտսյան գոտի՝ պարզելու հարցի էությունը: Մենեջեր Վարդուհի Հարությունյանը չհերքեց այն հանգամանքը, որ իրենց քոթեջներում բացակայում է սպասքը.

«Երբ մենք ընդունում ենք անհատական ամրագրումը հյուրերից կամ տուրիստական կազմակերպություններից, հստակեցված ասվում է, թե ինչ կա քոթեջներում, ինչ է ներառված արժեքի մեջ: Սպասք որպես այդպիսին մենք չենք տրամադրում: Թե ինչու է այդ հանգամանքը զարմանալի եղել հյուրերի համար, չեմ կարող ասել: Նույնիսկ սպասքի տրամադրման վճարովի ծառայություն որպես այդպիսին չունենք: Եթե հաջորդ տարի որոշենք հյուրերին սպասք տրամադրել՝ անկախ նրանից դա կլինի վճարովի, թե անվճար ծառայություն, հյուրերը նախապես տեղեկացված կլինեն»:
Հավելենք, որ Noy Land հանգստյան գոտու անունը կապվում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր` Գրիշա Հարությանի հետ:

Նկատենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքականության մի ուղղություններից մեկն էլ կարծես թե դարձել է տուրիզմի զարգացումը Հայաստանում: 2017 թվականին ստեղծվեց Զբոսաշրջության կոմիտեն, անընդհատ խոսվում է երկիրը ճանաչելու դարձնելու մասին, իսկ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակվում են գունագեղ ու հրապուրիչ տեսանյութեր մեր երկրի մասին: Սակայն իրական կյանքում Սեւանի քոթեջներում բացակայում են ամենատարրական պարագաները, պատմամշակութային վայրեր տանող ճանապարհները կիսաքանդ են, սպասարկման մակարդակը՝ ցածր: Գուցե տուրիզմը զարգացնելու ճանապարհին ուշադրություն դարձնենք մանրուքներին, քանի որ այդ մանրուքների պատճառով շատ զբոսաշրջիկներ երկրորդ անգամ այլեւս չեն այցելի մեր երկիր:

Լուսինե Առաքելյան




Լրահոս