ԹՈՂ ՀԱՃԱԽ ԽՈՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական պատգամավոր  Գագիկ Մինասյանը երեկ հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից իշխանություններին ներկայացրած 15 կետից բաղկացած պահանջագիրը մշակվել է «գունավոր հեղափոխությունների կենտրոններում»: Իսկ նման հանճարեղ եզրահանգման հիմնավորումն  այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջել է Հայաստանում նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը` դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը` միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար): Եթե չենք սխալվում, Գագիկ Մինասյանը տնտեսագետ է, ուստի տրամաբանական կլիներ այն, որ նա փորձեր վերլուծել, թե  որքանով է տնտեսապես հիմնավորված  եւ իրատեսական Տեր-Պետրոսյանի առաջադրած այդ պահանջը: Բայց,  քանի որ այդ դեպքում ստիպված էր լինելու հանդես գալ կա՛մ որպես վատ տնտեսագետ, կա՛մ որպես վատ հանրապետական, Մինասյանը որոշել է հարցին անդրադառնալ որպես վատ  դեմագոգ եւ   հայտարարել. «Ցանկացած քաղաքական ուժ, որը գործում է Հայաստանում եւ գործում է հայ ժողովրդի համար, բնականաբար, իր ազգային դրամով պետք է իր արժեքները ներկայացնի, այն արժեքները, որոնք նա գտնում է, որ պետք է փոխհատուցվեն քաղաքացիներին: Հակառակն ուղղակի աբսուրդ է»: Իրականում  աբսուրդն այն է, որ  իշխող կուսակցության տնտեսագիտական մտքի  տիտանը չի կարողացել Տեր-Պետրոսյանի ներկայացրած համապարփակ պահանջագրին պակաս ծիծաղելի պատասխան գտնել: Հատուկ պարոն Մինասյանի համար հիշեցնենք, որ, օրինակ, ՀՀ մաքսային ծառայություններում մաքսավճարները հաշվարկվում եւ գանձվում են դոլարով (եթե չգիտի, թող հարցնի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներին): Ու, փաստորեն, ստացվում է, որ երբ խոսք է լինում քաղաքացիներին փոխհատուցելու վերաբերյալ, Մինասյանն ու իր կուսակցությունը հիշում են ազգային դրամի մասին, իսկ երբ հերթը հասնում է նույն այդ քաղաքացիներից մաքսային վճարներ գանձելուն, ապա Մինասյանն ու իր կուսակցությունը  գերապատվությունը տալիս են «գունավոր հեղափոխությունների կենտրոնի» արժույթին` դոլարին: Հետաքրքիր է նաեւ, թե ինչու Մինասյանը իր կուսակցական օլիգարխ-ընկերներին  չի բացատրում, որ  եթե նրանք «հայ ժողովրդի համար գործող քաղաքական ուժի անդամներ են», ապա իրենց  կողմից ներմուծվող ապրանքները չպիտի այդ ժողովրդի  համար օր օրի թանկացնեն`  իրենց եկամուտները հաշվարկելով բացառապես դոլարով:  Իսկ ինչ վերաբերում է «գունավոր հեղափոխությունների կենտրոններից» Հայաստանում մշակվող ծրագրերին, ապա  նշենք, որ այդ կենտրոնների ղեկավարներն այնքան հիմար չեն, որ գումարներ ծախսեն  տարբեր ընդդիմադիր ուժերի վրա: Ինչի՞ համար: Բավական է   խնդրել  վարչապետ Տիգրան Սարգսյանին հաճախակի ելույթ ունենալ հեռուստատեսությամբ, եւ հասարակության ագրեսիան պատրաստ է:




Լրահոս