ՈՒՂԻՂ 335 ՕՐ ԱՌԱՆՑ ՔԵԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գայանեի ու հորս` Տավրոս Դաշտենցի  ծննդյան օրը նույնն է` մարտի 5-ը, ու անցյալ տարի առաջին ու վերջին անգամ իմ սիրելի գործընկեր Գայանե Բաբայանի ծնունդին գնալուց առաջ երկընտրանքի մեջ էի` քանի որ աշխատանքի հետ կապված հնարավոր չէր գնալ հորս մոտ` գերեզմանոց, ու համ էլ Գայանենց հանրակացարան, ի վերջո որոշեցի, որ ծնունդ չեմ գնա: Բայց ստացվեց, որ գնացի, ու դա իմ,  Գայանե Առուստամյանի, Մարինա Բաղդագուլյանի, Վարդի  ու էլի քանիսի երկրային կյանքում հրաժեշտի օրն էր ԳԲ-ի հետ: Նրան հրաժեշտ տալիս խոստացա, որ «Լիբերթի» երգը, որի տակ մինչեւ գիշերվա ժամը երեքը պարել էինք, մի քանի օրից ֆլեշով կփոխանցեմ իրեն: «Էսօր էլի  եկավ, գիշերվա առավելությունն էլ դա  է ցերեկվա նկատմամբ, չպլանավորված  հանդիպումների դրամատուրգիան  միշտ ավելի ուժեղ  է: Ես ու ինքը էլի շուկա էինք գնացել, սա  ամեն ինչի բերանը ճղում-լցնում էր փողոց, ամբողջ շուկան  հարայ-հրոց, վա~յ, տարա~ն… սա բերանը լիքը   հռհռում  էր. հենց հասնում  էին, որ բռնեն, արագ երկինք էր  սուրում`  գլխին համեմ, թարխուն, տանձ ու խնձոր… էդ ի~նչ օյին դրեց գումի շուկայի գլխին, էդ ի~նչ խաղեր խաղաց  ու… էլի  վերեւ… Արթնացա  ու… էդ կանաչին ու հատկապես ջրալի տանձը  ուզեցի: Էլ հոգնել չկա, սրտիդ վաղուց չես էլ լսում, գոնե  բերանիդ տիրություն արա, հիմա՛ր կնիկ: Ուղիղ շուկա…Վա~յ, մեկ էլ տեսնեմ էն երազիս կնիկը, որից  Գայանը կանաչի  էր վերցնում ու շարում մազերի մեջ, դե էն, էլի, որ ամենաշատն էր գոռում ու անիծում: Ուրեմն,  նույն շորերով, նույն ռեզինով կապ արած փնջերով, նույն արկղի ու քաչալ մարդու կողքին… Կապտել  եմ, մեխված նայում եմ, ես սարսափում եմ կատուներից, եթե ուշադրություն եք դարձրել՝ Սուրբ գրքում, բացի կատվից, բոլոր կենդանիներն էլ կան… հա, մեկ էլ մի  կատու եկել, կողքս  բռնել-կանգնել է, բայց ուժ չունեմ  դրան քշելու, հետո էլ էնքան մենակ եմ, էնքան մենակ, որ  դրան էլ եմ համաձայն, թող լինի: Մեկ էլ մի քամի բարձրացավ, մի քամի… բացօթյա շուկան երեսը պնդացրել, պաշտպանվում էր սկզբում, մեկ էլ էդ  քամին  տարավ-բերեց  մի էնպիսի սիլլա տվեց  վաճառողների քամակին, որ սրանք, մի ծոց ապրանք ձեռքներին, տարիքն ուրացած, իրար կոխ տալով, վազեցին   դեպի… բաց աչք կա՞ր, որ տեսնեին` ուր: Իսկը երազիս պես էր, նույն տանձ ու խնձորը, ոտի տակ տված կանաչին… մենակ ինքը չկար, ինքը չկար…»: Երբ կարդացի ԳԲ-ի ընկերուհի Վարդի  պատմվածք-երազը, ապշեցի: Ապշեցի, որովհետեւ ես այդպիսի երազ չէի տեսել, բայց աղետալի ավտովթարից հետո երբ էլ Գայանեի մասին մտածել էի,  անմիջապես աչքիս առաջ էին եկել այդ համեմը,  թարխունը: Առհասարակ, բետոնապատ Երեւանում չի եղել մի կանաչ խոտ, ծառ, տերեւ, որը ապրիլի 5-ից  հետո դեռ մեկ-երկու ամիս էլ իր այդքան սիրած նուրբ կանաչ երանգն ունենար, ու տեսնելիս իրեն չհիշեի Հաղպատում խոտերի մեջ պառկած, «Հրապարակ»-ի խմբագրությունում  իր կանաչիներով սալաթը սարքելիս: Կամ երբ բարկանում էր, որ ընդմիջման համար առեւտրի գնացողները քիչ կանաչի են առել: Կամ երբ հիացած պատմում էր, որ մարտի մեկի հանրահավաքի ժողովուրդը Մատենադարանի տակի բլուրների վրա նստած ու անգամ պառկած էր կես մարդաբոյ խոտի մեջ, որն իր սիրած բաց կանաչ գույնն ուներ: Վերջին անգամ իրեն երազում տեսա հեռվում` կանաչների մեջ գտնվող մի տան մեջ, որտեղից ինձ հրաժեշտի պես ձեռով արեց: ՍԻՐՈ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Քավության պես տվեց սերն ինձ կյանքը նենգ,Բարիշեցի՜ աստծո հետ տմարդի,Դե ոչ այնքան, որ հենց տեսնեմ, պաչպչեմ,Այլ՝ մի թեթեւ ձեռքով կանեմ էն մայթից: ԳԲ-ի ու Աստծո հարաբերությունները բարդ էին: Ու մինչեւ վերջ էլ բարդ մնացին: 2010 թվականի ապրիլի 4-ին իր գրած վերջին հոդվածը կարդալիս, երբ դեռ չգիտեի` ինչ է եղել կամ լինելու, ակամայից մտածեցի` ողջը  տիպիկ ԳԲ-ական ոճով խիստ  քաղաքականացված զրույց էր Աստծո հետ: ԵՐԱՆԻ՜, ԵՐԱՆԻ՜ ՔԵԶ ՍԻՐՈՂԻՆ «Ծննդյան եւ Հարության տոներից Հայաստանում արդեն բոլորն են խոսում ու շնորհավորում իրար, Նոր տարվա նման մի բան է դառնում Զատիկը, բայց գնալով ավելի ես համոզվում, որ մեր ժողովրդին մի անգամ էլ է հարկավոր քրիստոնյա դարձնել՝ հրով ու սրով, ինչպես անցյալում, կամ ազատ-արդար ընտրությամբ, որպեսզի նրանք կա՛մ ճշմարիտ քրիստոնյա դառնան, կա՛մ որոնեն-գտնեն իրենց կրոնը: Այսօրվա գովազդած քրիստոնեությունը ավելի լավը չի թվում, քան սովետական անաստվածության քարոզը: Ուշանում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, ցավոք, եւ ՀՀ-ում քրիստոնեության ի պաշտոնե քարոզիչները՝ տերտերականությունն իր ողջ կազմով` ամուսնացող եւ չամուսնացող տեսակի, բոլորը մեր աչքին երեւում են այն դպիրները, ծերերն ու քահանայապետերը, որոնք Հիսուսին խաչելու ուղարկեցին: Երանի՜ նրան, ով Հայաստանյաց առաքելական եկեղեցու ջիպավոր, զենքով ու գողական խոսող տերտերի աջը համբուրելու  ցանկություն ունի կամ նրա ձեռքով իր երեխային մկրտելու ցանկություն, երանի՜, որովհետեւ նրա հավատը Աստծո նկատմամբ այնքան մեծ է, որ չի նկատում տեր հայրերի վարքն ու բարքը եւ նրա բերանից ելնող կեղծիքը, երբ իրենց ելույթում խառը հա՛մ Քրիստոսին են «ալելուա» անում, հա՛մ ՀՀ իշխանությանը: Եւ իշխանությանն ուղղված «ալելուան» ավելի կրքոտ է»:Սրանից ուղիղ մեկ տարի ու մեկ օր առաջ ԳԲ-ն գնացել էր Ազգային Ժողով, որի պարտեզում Հովիկ Աբրահամյանը երեխաների համար Սուրբ զատիկ էր նշում: ԳԲ-ն եկավ, հոդված գրեց, ու  հաջորդ օրը խմբագրություն զանգահարողները ինձ էին անպատվում, քանի որ ինքը, որպես կանոն, հեռախոս չէր վերցնում: ՁԻԹԵՆՅԱՑ ԼԵՌԱՆ ՎՐԱ Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի մեջ ամենասիրելին մարդկային վիճակներում երեւալն է, երբ զգում ես, որ նա խոսում կամ վարվում է որպես մարդ: Այդպիսի վիճակներից է Ձիթենյաց լեռան վրայի «պատումը», երբ մենակ աղոթքի է գնում մեռնելուց առաջ. «Հա՛յր, եթե կուզես, այս գավաթը ինձմէ անցո՛ւր, բայց ոչ թէ իմ կամքս, հապա թե քուկդ թող ըլլայ»: Այդտեղ նա այնքան մարդ է, այնքան անպաշտպան ու սիրելի տղա, նույնիսկ այնպես մեկը, որին հրամայում են մեռնել` թեկուզ հանուն ողջ մարդկության, որ պարզապես սիրում ես ու նրա` որպես մարդ ապրելու ցանկության կողքին լինելու զգացողություն ես ունենում: Այդ երկվությունից հետո Ղուկասի ավետարանն ասում է. «Երկնքէն հրեշտակ մը երեւցաւ անոր եւ զօրացուց զանիկա»: Մեզ էլ, հավանաբար, անընդհատ մի հրեշտակ է պետք` Աստծո կամ նրա որդու կողմից ուղարկված, որպեսզի զորացնի մեզ: Եւ վերջում` շնորհավոր բոլոր նրանց, ովքեր հավատում են Հարությանը, եւ հատկապես նրանց, ովքեր հավատում են Քրիստոսի երկրորդ գալստյանը, այն բանին, որ նա գալու է, մտնի 21-րդ դարասկզբի Երեւանի՝ սնկի պես աճող եկեղեցիները եւ այնտեղի առեւտրականների սեղանները շուռ տալով ասի. «Էս ի՜նչ էիք դարձրել իմ հոր տունը»:Հետո, երբ Աշխենը նրա համակարգչի վրա կարմիր կակաչներ էր դնում, նկատեցի կաշեկազմ մի սեւ Աստվածաշունչ: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ 




Լրահոս