«Չեպե» չի եղել. Ալիկ Սարգսյանը` վերջին իրադարձությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինքնասպանություն, սպանություն, խոշոր հրդեհներ, երիտասարդ աղջկա պատանդառություն… վերջին շրջանում Հայաստանն աչք չի բացում տարբեր տեսակի փորձություններից: Իսկ որքանո՞վ է ՀՀ ուժային համակագը պատրաստ դիմագրավելու նման փորձություններին, եւ ինչո՞ւ են նման դեպքերը Հայաստանում հաճախակի դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

-Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ են վերջին շրջանում Հայաստանում ավելացել սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը:

-Պետք չէ այդպես ձեւակերպենք՝ որ վերջին ժամանակներում, քանի որ միշտ էլ դա եղել է: Կարող է մի քիչ ակտիվություն նկատվի, պատճառն էլ այս ամբողջ լրատվական դաշտի, հեռուստատեսության լուսաբանման հետ է կապված, ինչու չէ՝ ոչ ճիշտ ներկայացման հետ կապված: Սկսած ամերիկյան, ռուսական ֆիլմերից, վերջացրած մեր չարաբաստիկ հայկական սերիալների մեջ մշտապես ինչ-որ մեկն առեւանգվում է, մյուսը՝ կամուրջից նետվելու փորձ անում:

Սա հավուր պատշաճի գնահատական չի ստանում հանրության, ինչու չէ, պատկան մարմինների կամ նույն արվեստագետների կողմից, որ սա շատ վտանգավոր երեւույթ է: Սրանք երբեմն ինչ-որ դրական են հետո դառնում, ինչ-որ տրամադրություն են փոխում, դառնում հերոսներ, որ զղջացին իրենց արածի համար: Սրանք շատ վատ անդրադարձ են գտնում, որոնց դրսեւորումներն այսպիսին են լինում:

-Իսկ մենք որքանո՞վ ենք պատրաստ արտակարգ իրավիճակների, որքանո՞վ ենք կազմակերպված աշխատում: Վերջերս շատ քննադատվեց երիտասարդ աղջկան պատանդությունից ազատելը, երբ դիպուկահարը մարդկանց մեջ էր գտնվում, տարածքն էլ մարդաշատ էր:

-Ես քննադատությունները չեմ ընդունում: Սա ժողովրդի քննարկման թեման չէ, կարծում եմ, դա թողեք մասնագետներին: Այդ պահին հանցագործությունը կատարած անձին վնասազերծելուց որեւէ մեկը տուժե՞ց, ի՞նչ եք ուզում մեղադրեք: Մարդիկ պրոֆեսիոնալ են գործել, թե ոչ պրոֆեսիոնալ, արդյունքում հասկացանք մի բան, որ վնասազերծել են մի մարդու, որը որ հանրորեն վտանգավոր արարք է թույլ տալիս: Էլ ինչ եք քննադատում մարդկանց:

Կարող է՝ հենց միտումնավոր են այդպես արել, որ այդ մարդը չտեսնի դիպուկահարին: Միգուցե այդպես է, ես ինքս օպերացիայի կազմակերպիչ չեմ եղել, այս պահին չեմ կարող մեկնաբանել, հարմար էլ չեմ գտնում մարդկանց աշխատանքը թերագնահատել: Բայց արդյունքում նրանք վնասազերծել են մարդուն, քննադատելը չեմ հասկանում: Իսկ ինչ վերաբերում է պատրաստ լինելուն, ապա առ այսօր այնպիսի մի «չեպե» չի եղել, որ հանրությունը խիստ տուժի դրանից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս