Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ Հայաստանում զբոսաշրջության զարգացման թեմայով երեկ անցկացված խորհրդակցությունից հետո գյումրեցիների համար մտահոգվելու լուրջ առիթ է ստեղծվել: Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման թեմային, ու ինչպես պարզվել է` այդ ծրագիրը գտնվում է քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի վերահսկողության տակ: Կմտածեք` ի՞նչ կա այստեղ մտահոգվելու. վերջապես իշխանություններն ամենաբարձր մակարդակով որոշել են իր ավանդույթներով հարուստ քաղաքում զարգացնել զբոսաշրջությունն ու լուրջ ծրագրեր իրականացնել: Առավել եւս, երբ վարչապետն էլ Գյումրիում սեփական միջոցներով մի քանի հին շինություն է գնել ու փորձում է ներդրումներ ապահովել:
Բայց խնդիրը ոչ այնքան իշխանությունների այս ակտիվությունն է, որքան փաստը, թե անձամբ ովքե՞ր են զբաղվելու Գյումրիի պատմական կենտրոնի զարգացմամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշել է, որ աշխատանքների ընթացքը գտնվում է իր վերահսկողության ներքո, լուծվել են նախագծային աշխատանքների հետ կապված բոլոր տեխնիկական խնդիրները, եւ շինաշխատանքներն իրականացվում են արագ տեմպերով»:
Եթե հիշում եք, ժամանակին, երբ Նարեկ Սարգսյանը Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, մեծ թափով ձեռնամուխ եղավ մայրաքաղաքի պատմական կենտրոնի զարգացման անվան տակ քայքայման գործին: Բայց արդյունքը եղավ այն, որ այսօր հին Երեւանն այլեւս չկա, փոխարենը քաղաքի կենտրոնում վեր են խոյանում Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերը, որոնք ճչում են իրենց անճաշակությամբ: Ու այդպես Ն. Սարգսյանի թեթեւ ձեռքով պարզապես ոչնչացվեց Երեւանի մի ամբողջ պատմական ճարտարապետական շերտ: Ավելի ուշ՝ արդեն 2014թ., Նարեկ Սարգսյանը ստիպված էր խոստովանելու, թե Հյուսիսային պողոտայում իրեն էլ շատ բաներ դուր չեն գալիս: Բայց, ինչպես ասում են, անցածը ետ չես բերի:
Հիմա, փաստորեն, եթե Նարեկ Սարգսյանը որոշի նույն ջանասիրությամբ զբաղվել նաեւ Գյումրիի ճարտարապետությամբ, պատմական կենտրոնի զարգացմամբ, կարող է՝ Երեւանի տխուր ճակատագիրը սպառնա նաեւ հանրապետության երկրորդ քաղաքին: Ինչպես գյումրեցի բանաստեղծը` Իսահակյանն էր ասում. «Միամիտ չեմ՝ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի. մի մրահոն կույս էր քեզ պես, կոտրեց սիրտս պատանի…»: