Չորս ժանրում ներկայացված մրցույթային 21 ֆիլմ, գլխավոր, խրախուսական ու հատուկ մրցանակներ: Համահայկական առցանց կինոփառատոնը կարևոր իրադարձություն է դարձել կինոարտադրությամբ հետաքրքրված երիտասարդների շրջանում: Արդեն վեցերորդ տարին այն իրականացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության կողմից:
Մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այս տարի, առաջին անգամ «Web ծիրանին» իր աջակցությունն է բերել նաև ՀՀ մշակույթի նախարարությունը՝ սահմանելով հատուկ մրցանակ:
Փառատոնի ընթացքում webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվել է ինչպես սկսնակ, այնպես էլ՝ հայտնի ռեժիսորների 21 ֆիլմ՝ խաղարկային, կարճամետրաժ, վավերագրական և անիմացիոն ժանրերում:
Փառատոնի ժյուրին, որի կազմում են Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր, սցենարիստ Գնել Նալբանդյանը, հեռուստալրագրող Մարատ Օրդյանը, կինոպրոդյուսեր Նարինե Քոչարը, ամփոփել է արդյունքները: «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կայացել է հաղթողների մրցանակաբաշխությունը: Բանախոսել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության հիմնադիր Արայիկ Մանուկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված գլխավոր մրցանակը՝ 400 000 ՀՀ դրամ, շնորհվել է ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Բալետ» անիմացիոն ֆիլմին:
«Երբ ցանկանում եք մարդու մեջ բացահայտել լավագույնը ՝ ստեղծեք նպաստավոր միջավայր և նրան տվեք ինքնադրսևորվելու հնարավորություն: Վստահ եղեք, որ կստանաք ցանկալի արդյունք: «Web ծիրանն» իր ձևաչափով ծառայում է այդ նպատակին: Սա երազանքների իրագործման հարթակ է՝ ֆիլմարտադրության մեջ իրենց ուժերը փորձող սկսնակների համար: Չկա ֆինանսական խոշոր ծախսերի՝ պրոֆեսիոնալ տեսախցիկներ գնելու կամ այլ խնդիրներ հաղթահարելու անհրաժեշտություն: Ընդամենն անհրաժեշտ է կապի միջոց հանդիսացող սարք և ստեղծագործելու ձիրք: Շնորհավորում եմ տարբեր ժամանակահատվածներում այս փառատոնի շրջանակում հաջողության հասած բոլոր երիտասարդներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՀՀ մշակույթի նախարարության սահմանած 300 000 ՀՀ դրամ հատուկ մրցանակին արժանացել է «Ճանապարհ» ֆիլմը, որի ռեժիսորը Անժելա Ֆրանգյանն է: Ֆիլմն արտադրվել է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայում:
Ժյուրիի որոշմամբ՝ խրախուսական հատուկ մրցանակների են արժանացել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի սան, ռեժիսոր Մարտին Մաթևոսյանի «Դիանայի նվերը» և Կոլումբիա համալսարանի սան, ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի դիպլոմային աշխատանք հանդիսացող «Շրջանակ» ֆիլմերը:
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որը սահմանվում է դիտումների քանակով, հանձնվել է Վարուժան Գալտակյանի «Սիրուն Արուս» ֆիլմին:
Փառատոնի խրախուսական և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին արժանացած ֆիլմերի հեղինակները կարող են մեկ տարվա ընթացքում 10 օր անվճար օգտվել կինոնկարահանման պրոֆեսիոնալ տեխնիկայից: