Երեկ հայտնի դարձավ, որ Վահրամ Շահինյանի ղեկավարած հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունում նախընտրական սկանդալային ժողովի վերաբերյալ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 154.1 հոդվածի հատկանիշներով` թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։
ՀՔԾ այս որոշումը միանգամայն սպասելի էր: Ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունները որեւէ մեկին անգամ սիմվոլիկ պատժի չեն ենթարկի, այլ որոշ ժամանակ ձեւական նախաքննություն անցկացնելուց հետո կկոծկեն այս գործը: Բացահայտված սկանդալը նույնիսկ քաղաքական հետեւանքներ չունեցավ մեկ պարզ պատճառով. Արտակ Սարգսյանը, որ վայելում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանի հովանավորությունը, իշխանության հենասյուներից է: Եւ հետո՝ նա ՀՀԿ-ին ձայներ ապահովող հիմնական ֆիգուրներից մեկն է. նոր ընտրակարգով ռեյտինգային թեկնածուի ստացած ձայները հաշվում են նաեւ որպես կուսակցության օգտին տրված քվեներ: Ա. Սարգսյանը հավաքել էր 12 հազար 27 քվե, ուստի բնական է՝ նրան պետք է ներվեր ամեն ինչ: Չէ՞ որ իշխանությունները գործում են «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով՝ փորձելով ամեն ինչ անել հանուն վերարտադրության:
Միայն թե, նկատենք, ՀՔԾ որոշմամբ իշխանություններն անհարմար դրության մեջ են հայտնվել միջազգային կառույցների առաջ. նախընտրական ժողովի ձայնագրության հրապարակումից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հատուկ հայտարարություն էր տարածել` «խիստ մտահոգիչ» որակելով բացահայտվածը, նաեւ նշելով. «ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները»: Իսկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին էլ նշել էր. «Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար։ Երբեմն բարդություններ կան, որոնք պետք է քրեական գործում բացահայտվեն, սակայն այս փաստերը ակնհայտ են, ու կարծում եմ` ջանքեր կներդրվեն, որ դրանք վերանան»։ Հիմա, փաստորեն, իշխանությունները ջանքեր ներդրեցին, բայց ոչ թե կատարվածը բացահայտելու, այլ ընդհակառակը` կոծկելու ուղղությամբ: