ԱԺ «Ելք» խմբակցությունը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Որոշում է կայացվել «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնել: Սա առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիր գործիչները ԵՏՄ-ից դուրս գալու շուրջ գործընթաց են սկսում: Դեռեւս հինգերորդ գումարման խորհրդարանում նման գործընթաց էր սկսել անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ու այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրա նախաձեռնությանը չմիացավ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է ՌԴ Դաշնային Ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ:
-Պարո՛ն Կալաշնիկով, ՀՀ ԱԺ-ում ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց նախաձեռնությանը:
-Ես վստահ եմ, որ Հայաստանն ուրիշ տարբերակ չունի եւ պետք է շարունակի մնալ ԵՏՄ-ի կազմում: Հայաստանն այլընտրանք ուղղակի չունի: Դա շահեկան է նաեւ ՌԴ-ին: Հայաստանի հետ մեզ կապում է բազմադարյա հարաբերություններ, եւ բնականաբար այլ տարբերակ, քան տնտեսական համագործակցությունն է, ես չեմ տեսնում:
-Սակայն առաջին անգամը չէ, որ Հայաստանում նման գործընթաց է սկսվում, իսկ պատճառն էլ այն է, որ այսքան տարի անց էական առաջընթաց եւ շահ չենք տեսել ԵԱՏՄ-ից:
-Իհարկե, շահ կա, եւ խոսքը երկնիշ աճի մասին է: Գիտեք, ամենակարեւորն այն է, որ շուկա է առաջանում: Հայաստանի համար ռուսական շուկան հիանալի հնարավորություն է առաջընթացի համար: Իհարկե, շահեկան է եւ նույնիսկ դպրոցականին հայտնի է, որ եթե քեզ տալիս են այդպիսի շուկա, դա, իհարկե, շահեկան է: Այլ հարց է, որ ամեն ինչ միանգամից չի լինում: Իհարկե, մշտապես ուժեր կգտնվեն, որոնք կարծիք կհայտնեն, թե ավելի շահեկան է մեկ այլ միությունում գտնվելը:
-Բայց, ի վերջո, որքա՞ն ժամանակ է պետք Միության ամբողջական կայացման համար:
-Ես կարծում եմ, որ ժամանակ եւ համբերություն այնքան էլ քիչ չի պահանջվի: Դա ասում եմ՝ հաշվի առնելով Հայաստանի շուրջն առկա պատերազմական վիճակն ու ՌԴ-ի շուրջ առկա քաղաքական իրավիճակը: Ես գուշակ չեմ, սակայն կարծում եմ, որ միության ամբողջական կայացման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Բայց այն, որ նույնիսկ այսքան կարճ ժամանակում երկրներն առավելություններ են ունենում, դա ակնհայտ է:
-Այսինքն՝ կարծում եք, որ ՀՀ իշխանությունները դե՞մ կլինեն ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը:
-Կարծում եմ, որ այո: Նրանք հասկանում են այս միության դրական կողմերը:
-Օրեր անց լրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին: ՀՀ-ՌԴ հարաբերությունների առումով ի՞նչ փոփոխություններ կարող ենք արձանագրել նրա նշանակումից հետո:
-Իհարկե, քաղաքականությունը կարող է փոխվել յուրաքանչյուր ժամ կամ օր, եւ դա կարող է կապված չլինել այս կամ այն ղեկավարի փոփոխությամբ: Իհարկե, լինում է նաեւ այդպես: Սակայն այս իրավիճակում ես կարծում եմ, որ թե՛ նախորդ վարչապետները, թե՛ այսօրվա վարչապետը հասկանում են, որ ավելի ձեռնտու է գտնվել այդ միությունում, քան դրանից դուրս: Չեմ կարծում, որ այդ քաղաքականությունը կփոխվի վարչապետների փոփոխությամբ, քանի որ ես ոչ մի «հիմար հայ» հաստատ չեմ ճանաչում: Յուրաքանչյուր հայ մտածում է օգուտի մասին:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանի իշխանության փոփոխությունն ի՞նչ կփոխի այս հարցում:
-Եթե ռեալ նայենք, ապա դժվար թե ինչ-որ մեկը Հայաստանում առանց լուրջ քաղաքական պատճառների դեմ լինի ՌԴ-ի հետ միությանը: Իսկ մարգինալներ եւ մարդիկ, որոնք փոքրամասնություն են, կան ամենուրեք՝ ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ ձեզ մոտ: Նրանք քաղաքական ընդհանուր գործընթացների շուրջ այլ պատկերացումներ ունեն: Մենք հանգիստ ենք վերաբերվում այդպիսի մարդկանց: