Ռուսական կողմը հավաստիացումներ է ստացել. ինչպես է Ռուբինյանը կարողացել համոզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)` հունիսի 24-ին տեղի ունեցած ամենաերկար նիստի շուրջ քննարկումները չեն դադարում: Ինչպես հայտնի է, այդ օրը` մինչեւ կեսգիշեր ձգված նիստի ժամանակ պատվիրակները քննարկում էին Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը: Եվ, ի վերջո, 118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձել էր ԵԽԽՎ: Սակայն մեծ աղմուկ էր բարձրացրել, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության քվեարկության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել բանաձեւին, «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հովհաննես Իգիթյանն առհասարակ չի մասնակցել քվեարկությանը, եւ կողմ էին քվեարկել միայն ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը` ԲՀԿ-ից ու Էդմոն Մարուքյանը` «Լուսավոր Հայաստանից»:

Եվ մինչ բոլորը քննարկում էին դա, պարզվեց, որ Ռուբեն Ռուբինյանը լրիվ «պատահաբար» է դեմ քվեարկել հարցին: Եվ ավելին` նա ռուս պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հետ լուսանկար էր հրապարակել եւ հայտարարել, թե մերձեցման երեկո են կազմակերպելու: Երեկ` մամուլի ասուլիսի ժամանակ, հայկական պատվիրակության անդամները եւս մեկ անգամ վերահաստատեցին, որ հայկական պատվիրակության ղեկավարի քվեարկությունն իսկապես վրիպակ է եղել, իսկ, ահա, Հովհաննես Իգիթյանն ամեն կերպ փորձում էր շրջանցել թեման եւ հայտարարեց, թե պարզապես դահլիճում չի եղել, քանի որ այլ հանդիպումներ են եղել, այլ հարցեր քննարկելիս են եղել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրականում Հովհաննես Իգիթյանի քայլը պայմանավորված է այլ հանգամանքներով, եւ նա համաձայնություն է ունեցել այդպես վարվելու ուկրաինացի պատվիրակների հետ: Եվ երեկ նա ասուլիսի ժամանակ չհերքեց, որ ուկրաինացի պատվիրակների հետ հանդիպում եղել է, սակայն ընդգծեց, որ ոչ միայն նրանց:

Երեկ ԵԽԽՎ նիստում տեղի ունեցած քվեարկության եւ, առհասարակ, հայ-ռուսական հարաբերությունների շուրջ զրուցեցինք ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովի հետ, ում հետ էլ լուսանկար էր հրապարակել հենց Ռուբեն Ռուբինյանը: Ռուս պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ինքը հավատացել է Ռուբեն Ռուբինյանին: «Ռուբեն Ռուբինյանը հաջորդ օրը կանգնեց եւ ասաց, որ դեմ չի քվեարկել, այլ տեխնիկական է եղել խնդիրը: Նա մոտեցել է ինձ, լուսանկարվել ինձ հետ եւ բացատրել եւս մեկ անգամ, որ դա իսկապես տեխնիկական խնդիր է եղել, որպեսզի մենք չմտածենք, թե նա դիտմամբ է այդպես քվեարկել, իսկ հետո հրաժարվել: Եվ ես նրան հավատում եմ»,- նշեց Կալաշնիկովը:

Նա ընդգծեց, թե Ստրասբուրգում հայ-ռուսական հարցերի շուրջ զրուցել է նաեւ այլ պատգամավորների, այդ թվում` կողմ քվեարկած երկու ընդդիմադիրների հետ, սակայն քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանին երբեք չի հանդիպել եւ չի զրուցել: Իսկ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների հետագա հարցերի մասին` նա նշեց. «Ես տեսնում եմ, որ ուղղակի դադարը երկարում է, եւ եթե այն երկարել է, չի նշանակում, թե վատ են հարաբերությունները, եւ թշնամանք կա: Հայկական կողմից շատերը հիմնականում ասում են, թե խնդիր չկա, ամեն ինչ լավ է, մենք ընկերներ ենք: Եվ իսկապես, օրինակ, այսօր (երեկ-խմբ) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եմ հանդիպել ֆորումի ժամանակ, եւ նա ինձ մշտապես ամեն կերպ համոզում է, որ ամեն ինչ լավ է, մենք նախկինի պես մնում ենք լավ հարաբերությունների մեջ, եւ ես դա տեսնում եմ: Իսկ Հայաստանում այլ մարդիկ մի փոքր ուրիշ տեսակետ են հայտնում: Եվ նրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք նախկինում են եղել իշխանության: Ես սովոր եմ հավատալ գործերին, այլ ոչ թե բառերին», – հավելեց նա:

Կալաշնիկովի խոսքով` հայ-ռուսական հարաբերություններում դադարի երկար լինելու պատճառը քաղաքական սերնդափոխությունն է, որը եկավ նոր իշխանության գալու հետ մեկտեղ: «Իշխանության էին մարդիկ, որոնք ռուսական կողմի հետ լավ էին, եկան նոր մարդիկ, որոնք ասում են` կրկին ընկերաբար ենք վերաբերվում ռուսական կողմին, սակայն ընկերաբար չենք այն մարդկանց հանդեպ, որոնք մինչ այդ էին իշխանության եւ փոխում են այդ մարդկանց: Եվ հաշվի առնելով, որ երկիրը փոքր է, ամեն ինչ փոխել դժվար է, եւ կոնֆլիկտ է մնում մարդկանց միջեւ:», – շարունակեց պատգամավորը:

Պետդումայի պատգամավորի համար նաեւ զարմանալի են այն խոսակցությունները, որոնք առկա են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի` Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու հանգամանքի շուրջ: «Դեսպանը կարող է հանդիպել այն մարդկանց հետ, որոնց ցանկանում է, որոնք ահաբեկիչ չեն, հանցագործ չեն, ինչո՞ւ ենք մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանում: Քոչարյանը հանդիսանում է ընդդիմադիր գործիչ, մեր դեսպանը որեւէ այլ բան չի արել», – հավելեց նա:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ հայկական պատվիրակության երկու անդամների` Ռուբեն Ռուբինյանի եւ Հովհաննես Իգիթյանի քայլերն, ամեն դեպքում, քննարկման թեմա են դարձել ռուսական կողմի համար, եւ վերջիններիս ամեն կերպ հավաստիացումներ են տրվել, թե հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմալ է: Իհարկե, երբեք ավելորդ չէ հայ-ռուսական հարաբերությունների ամուր լինելու մասին եւս մեկ անգամ խոսելն ու բարձրաձայնելը, սակայն այնքան էլ լուրջ չէ, երբ այդպիսի կարեւոր հարթակներում հայ պատվիրակներն աչքի են ընկնում այնպիսի պահվածքով, որը կարող է վնասել դրանք:

Եվ որքան էլ Հովհաննես Իգիթյանը երեկ արդարանում էր, թե իր բացակայությունը եւս տեխնիկական է եղել, սակայն փաստ է այն, որ նա իր քայլն ու բացակայությունը որեւէ կերպ չի մեկնաբանել ռուս գործընկերների մոտ եւ, ըստ էության, եւս մեկ անգամ ապացուցել իր եվրոպամետ լինելը: Սակայն արդյոք չպե՞տք է այդպիսի հարթակներում մի կողմ դնել եվրոպամետ կամ ռուսամետ լինելը եւ առաջ տանել Հայաստանի շահը, որն այս դեպքում կլիներ այսպիսի սկանդալից պարզապես զերծ մնալը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս