Գազատարի միջադեպը` մի կաթիլ մեղր. գյուղացիները վճռական են տրամադրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի բնակիչ, 1960 թ. ծնված Աշոտ Եղյանը 2014թ. օգոստոսի 7-ին Բերդ-Թովուզ-Վերին Կարմիրաղբյուր ջրատարի վերակառուցման նպատակով Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի Մաֆլար հանդամասում «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից աշխատանքներ կատարելու ժամանակ հրդեհավտանգ գազակտրման սարքավորման միջոցով խողովակների ապամոնտաժման ընթացքում չի ապահովել իր աշխատանքի անվտանգության կանոնները, որի հետեւանքով առաջացած կայծերից հրդեհ է բռնկվել:

Այրվել է Վերին Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող 11 հա պտղատու եւ խաղողի այգիներ, 10 մեղվաընտանիք, 15 հատ փեթակ եւ դրանց ծածկը՝ նշված անձանց պատճառելով ընդհանուր 5 միլիոն 542 հազար 450 դրամի նյութական վնաս: Ա. Եղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 186 հոդվածի 2-րդ մասով («Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել»):

Այդ քրգործով 2015թ. ապրիլի 10-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճիռ է կայացրել: Նա համարել է, որ Ա. Եղյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, վերջինիս պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, պատճառված վնասի հիմնական մասը «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից վերականգվել է:

Դատարանը, անդրադառնալով տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցի պահանջներին, համարել է, որ տուժողների մի մասը պատշաճ կարգով հայցապահանջ չի ներկայացրել, իսկ նրանք, ովքեր ներկայացրել են, պատշաճ փաստաթղթերով չեն ապացուցել իրենց պատճառված վնասի ստույգ չափը, գործում կան վնասի հաշվարկման մասին իրարից տարբերվող մի քանի ակտեր եւ արձանագրություններ: Դատարանը վճռել է, որ նման պայմաններում հնարավոր չէ քաղհայցի բավարարումը, ուստի թվով 18 տուժողներին վերապահել է քաղաքացիական հայցի իրավունք: Զ. Զաքինյանը վճռել է Ա. Եղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր. 186 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 300 հազար դրամի չափով տուգանքի: Տուժողները հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2016թ. մարտի 3-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ քրգործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Հրդեհից տուժած գյուղացիները վճռական են տրամադրված: Նրանցից Վազգեն Մանուչարյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Հրդեհից կորցրել եմ իմ ունեցվածքը: Մենք թուրքի առաջ չենք նահանջել, հիմա էլ չենք նահանջելու ներքին թուրքի առաջ: 5 անգամ երկրի նախագահի նստավայրն ենք գնացել, 4 անգամ նամակ հանձնել, 2 անգամ ճանապարհ ենք փակել: 2015 hունվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ 4 հոգով մեզ վրա բենզին լցրինք, որ հրկիզվենք, սակայն մեզ բռնեցին, կանխեցին: Մենք չենք նահանջելու»:

Այս քրգործով դատական հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, նշանակված է սեպտեմբերի 14-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս