Այս խորհրդարանն իր գործելաոճով չի տարբերվում նախորդներից: Սա թեկուզ եւ այն առումով, որ Հանրապետական պատգամավորները շարունակում են իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու արատավոր պրակտիկան. նման միջադեպ գրանցվեց ԱԺ առաջին իսկ նստաշրջանի ժամանակ:
Եւ հետո, իշխանությունները շարունակում են խորհրդարանին վերաբերել որպես կառավարության կցորդի, որի միակ գործառույթը օրենքները դակելն է, ուրիշ ոչինչ: Պատահական չէ, որ խորհրդարանի օրակարգում ընդգրկված 88 նախագծերից միայն երկուսն են պատգամավորները հեղինակել, իսկ մնացածը ԱԺ է ներկայացրել կառավարությունը: Բացի այդ՝ գործադիրը հեղինակել էր նաեւ ամռան ամիսներին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջաններում քվեարկված բոլոր 64 նախագծերը:
Սահմանադրության համաձայն, իհարկե, կառավարությունն ունի օրենքներ հեղինակելու իրավունք, եւ տվյալ պարագայում օգտվում է իր իրավունքից: Բայց երբ նախագծերի մոտ 99 տոկոսը միայն կառավարությունն է ներկայացնում, սա արդեն նորմալ չէ: Հատկապես, երբ նոր Սահմանադրությամբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի, որտեղ օրենսդիր մարմինը ստացել է միանգամայն այլ կարգավիճակ: Եւ հետո, Սերժ Սարգսյանն ԱԺ առաջին նիստում հայտարարել էր, թե «Խորհրդարանի առաջնային գործառույթն օրենքներ ստեղծելն է. օրենքներ, որոնք ոչ միայն պետք է լինեն իրավական, այլեւ ընկալելի եւ գործուն: Առանց նման օրենքների սահմանադրական բարեփոխումները չեն կարող ամբողջությամբ իրականացվել»:
Մինչդեռ հիմա իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում. իշխող ՀՀԿ-ի կառավարությունը, հեղինակելով օրենքների նախագծերը, կասկածի տակ է դնում խորհրդարանի պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը եւ, ընդհանրապես, օրենսդիր կառույցի գոյության իմաստը: Իսկ պատգամավորներին էլ, կարծես թե, ձեռնտու է նախագծերի մասին ընդամենը ելույթ ունեցողի /շատ դեպքերում` դատարկախոսողի/, իսկ վերջում` պարզապես դակողի դերը: Այլապես, հետամուտ կլինեին, որպեսզի իրավիճակը շտկվեր:
Նկատենք` այս ամենը խորը արմատներ ունի. սա հետեւանք է այն բանի, որ վաղուց միախառնվել են պետությունն ու իշխող կուսակցությունը: Պատահական չէ, երբ ՀՀԿ-ականներն այս հարցը մեկնաբանելիս միշտ շեշտում են, թե ե՛ւ կառավարությունը, ե՛ւ խորհրդարանական մեծամասնությունը իրականացնում են ՀՀԿ ծրագրերը, ու այդ տրամաբանության շրջանակներում կարեւոր չէ` ով, ինչ գործառույթ է իրականացնում: