Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում: Սա, ի դեպ, նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին ելույթն էր ՄԱԿ ամբիոնից: Ու, հավանաբար, հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ոչ միայն Ղարաբաղյան հիմնախնդրին, այլեւ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես, 2009թ. հոկտեմբերին կնքված Ցյուրիխյան արձանագրությունների մասին՝ դրանց վավերացման համար հնչեցնելով վերջնաժամկետներ:
«Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել եւ հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում՝ դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից եւ ոգուց: …Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- հայտարարել է նա:
Հասկանալի է՝ 2018թ. ապրիլին կլրանա նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Եւ հիմա Ս. Սարգսյանը Թուրքիայի առաջ որպես արձանագրությունները վավերացնելու վերջնաժամկետ մատնանշելով գարունը եւ շեշտելով, որ արձանագրությունները բանակցվել են «ներկայիս պայմաններում», հասկացնում է՝ այս կես տարվա ընթացքում դեռ հնարավոր է հաջողություն արձանագրել, քանի դեռ ինքն է պետության գլխին: Բայց այս խոսքերն ավելի շատ ուղղված են ոչ թե Թուրքիային, այլ միջազգային հանրությանը: Ս. Սարգսյանն ինքն էլ է գիտակցում, որ առնվազն վերջին 26 տարիների ընթացքում նախապայմանների լեզվով խոսող Թուրքիան այս վեց ամիսների ընթացքում էլ չի փոխի իր դիրքորոշումն ու չի փորձի գնալ Հայաստանի հետ հաշտեցման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, հատկապես Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում Հայաստանի պահանջատիրական հռետորաբանությունից հետո:
Բայց որպեսզի իրեն չմեղադրեն Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերջնականապես տապալելու մեջ, փորձում է նման ռեւերանսներ անել ու հայ-թուրքական հաշտեցման ջատագով ձեւանալ: Մանավանդ, երբ նույն ՄԱԿ ամբիոնից նա 2014թ. հայտարարել էր արձանագրությունները «գրողի ծոցը» ուղարկելու մասին: