Ո՞Վ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԹԵԼԱԴՐՈՒՄ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երկրորդ քաղաքում կուսակցությունների գրասենյակների դռները հիմնականում փակ են, բացառությամբ 1-2-ի: Դրանք կենդանության նշաններ են ցույց տալիս միայն ընտրությունների նախաշեմին, երբ գալիս է անձնագրեր հավաքելու եւ գումարներ բաժանելու ժամանակը: Իսկ այդ գործընթացը բավականին ակտիվորեն կազմակերպողներ կան. նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ից այդ գործի վարպետը Վարդան Ղուկասյանն էր՝  ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավարը, իսկ ԲՀԿ-ից՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը իր հոր՝ քրեական  աշխարհի հեղինակություն համարվող Կամոյի գլխավորությամբ: Գալիք ընտրություններին սպասելի է, որ իր ակտիվությամբ մյուսներին չի զիջելու  նաեւ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Մեր  նախորդ համարներից մեկում արդեն գրել էինք, որ Հայ յեղափոխական դաշնակցությունը  Շիրակի մարզում,  կարելի է ասել, շարքից դուրս է եկել: Ավելի մանր «կալիբրի» դաշնակցականներն այստեղ զբաղված են ներկուսակցական գզվռտոցով եւ պաշտոններ կիսելով: Հենց այդ պատճառով էլ ՀՅԴ գերագույն մարմինը որոշում կայացրեց դադարեցնել մարզային կոմիտեի գործունեությունը: Խոսենք «Օրինաց երկիր» կուսակցության մասին:  2008 թ.  նախագահական ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում այս ուժն առաջատարն էր: Մարտի 1-ի նախաշեմին` կոալիցիոն խայտառակ հուշագիրը ստորագրելուց հետո, Արթուր Բաղդասարյանը մեկ-երկու անգամ եղավ Գյումրիում, սակայն, ամոթանքներից բացի, ուրիշ ոչինչ  չլսեց: Արդյունքում` Գյումրիում այս  ուժն այլեւս գոյություն չունի բառի ուղիղ իմաստով: Չկա գոնե մեկ մշտապես գործող գրասենյակ, որը կընդունի ու կլսի այն մարդկանց, որոնք իրենց քվեն սխալվել ու վստահել են նրանց: ՕԵԿ-ի մասին հիշեցնող միակ բանը մնացել է ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի տան ճակատին ծածանվող կուսակցական դրոշը: ՕԵԿ միակ գրասենյակն այդ բնակարանն է, որը երբեմն բացում են  Հովհաննես Մարգարյանի ընտանիքի անդամները:  Այս ֆոնի վրա պատահական չէ, որ Շիրակի մարզ բերվեց Աշոտ Գիզիրյանը: Իշխանությունները դժգոհ մնացին ընտրությունների արդյունքներից: Վարդան Ղուկասյանը չարդարացրեց իրեն, թեւ Սերժ Սարգսյանի՝ Գյումրիի  հանրահավաքի ժամանակ, ինչքան ուժ ուներ, գոռում էր. «Հանրապետակա՛ն, ձեր ջանին ղուրբան»: Աշոտ Գիզիրյանը` որպես փորձառու ոստիկան, վաստակել է իշխանությունների վստահությունը ընդդիմության հանրահավաքները ցրելով եւ ոչ միայն… Եւ ահա, նա եկավ Շիրակի մարզ ու հայտարարեց, որ թելադրելու է  ի՛ր խաղի կանոնները: Այդպես էլ եղավ: Վարդան Ղուկասյանը, ով գյումրեցիների շրջանում հայտնի էր մարզպետերի նկատմամբ,  մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունքով (Լիդա Նանյանին հրապարակավ ընկեր Մարգո էր ասում, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանին՝  գեղցի), հիմա առիթը բաց չի թողնում Աշոտ Գիզիրյանին քծնելու համար: Վեջինս էլ անգամ լրատվամիջոցների ներկայությամբ իրեն պահում է այնպես, որ բոլորը հասկանան՝ այս մարզում իշխանության ամենավստահելի մարդը ինքն է: Նա հրապարակավ կարող է հայտարարել` «Վարդա՛ն, էսօր կգաս մոտս»  կամ  «Վարդա՛ն, խելո՛ք մնա» եւ այսպես շարունակ: Պարզ ասած` առաջիկա ընտրությունների նախաշեմին իշխանության «խաղադրույքը» հենց նրա  վրա է լինելու: Մասնագիտությամբ ոստիկան Աշոտ Գիզիրյանը վերջերս էլ իր ծածուկ գործունեությամբ աչքի ընկավ: Վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների կազմակերպած բողոքի ակցիաները լռեցնելու գործը ստանձնել էր հենց Գիզիրյանը: Իրականում նրան էին ենթարկվում ոստիկանական ստորաբաժանումները:  Իսկ այն, որ այդպիսով մարզպետը չարաշահում է իր պաշտոնական լիազորությունները,  որեւէ մեկին չի էլ մտահոգում:Ինչեւէ, քաղաքական տեսանկյունից  ահա այսպիսին է Շիրակի մարզի խճանկարը: Հ.Գ. Մամուլում լուրեր են պտտվում այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից, իսկ նոր ոստիկանապետի ամենահավանական թեկնածուներ համարվում են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Փորձեցինք Շիրակի մարզպետարանից ճշտել, թե  արդյոք այդ  խոսակցությունները հասել են մարզպետարան: ՇՄ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սամվել Գրիգորյանը նախ ծիծաղեց, ապա հայտարարեց,  որ լուրերը ստահոդ են, վերջում էլ եզրափակեց. «Մեր մարզպետը լավն է, թողե՛ք մեր մոտ մնա, մի՛ տարեք նրան ոչ մի տեղ»:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ Գյումրի




Լրահոս