Շքեղաշուք և ցնցոտիավոր. Հայաստանի իրական պատկերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անկախության օրվա առթիվ «Եռաբլուրում» էին ոչ միայն իշխանական վերնախավը, այլեւ մայրաքաղաքի մուրացկանների շքագունդն` իր ողջ կազմով: Պաշտոնյաներն այնտեղ էին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու ազատամարտիկների շիրիմներին ծաղիկ դնելու համար, իսկ մուրացկաններն անհամբեր սպասում էին մի քանի դրամ փախցնելու մոլուցքով:

Եւ երբ պաշտոնական արարողության ավարտից հետո իշխանավորները փորձում էին շփվել մեկմեկու հետ կամ հարցազրույց տալ, գումար խնդրողների շքախումբն անցավ գործի:

Ամենաարտիստիկն, իհարկե, ՀՀԿ հայտնի տատիկն էր. նա իր տարերքի մեջ էր` մե՛կ Սերժ Սարգսյանին, մե՛կ Կարեն Կարապետյանին ձոնված բանաստեղծություններ էր ասում: Հատկապես վարչապետին դուր եկավ ՀՀԿ տատիկի «անզուգական պոեզիան». նա ժպիտով մինչեւ վերջ ունկնդրեց այն:

Ճիշտ է` ավելի ուշ վարչապետի նյարդերը տեղի տվեցին, երբ մի կին գումար էր խնդրում, եւ նա էլ սկսեց բողոքել, թե ամեն անգամ հանդիպելիս, ինձանից փող ես ուզում: Այդ հարձակումից տեղի տվեցին նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի նյարդերը. նա էլ մի քաղաքացու սաստեց, թե խելո’ք, էլի, արդեն լոճվում ես, մեկ ուրիշին էլ` ես քու էն…արա′, գնա, է:

Մինչ այդ, երկու կին վիճեցին իրար հետ, թե ով պետք է առաջինը մոտենա Մանվել Գրիգորյանին, նույնիսկ մի թեթեւ հարվածեցին իրար, բայց հավաքվածները հասցրին կանխել ծեծկռտուքը: Հետո մեկը չկարողանալով մոտենալ Սերժ Սարգսյանին` նրա հետեւից հասցրեց նետել. «Մարդասպաննե՛ր, հանցագործնե՛ր… խուժաննե՛ր, սրիկանե՛ր»: Բայց եթե գումար ստացած լիներ նրանից, դժվար թե այդպես արտահայտվեր:

Կարճ ասած, փոքր վայրում խտացած էր այսօրվա Հայաստանի իրական պատկերը. մի կողմում պաշտոնյաները` իրենց գերթանկարժեք մեքենաներով, շքեղ հագուկապով, թիկնազորով, մյուս կողմից` ընչազուրկների ոհմակը, որ գումար է մուրում ու ակնկալածը չստանալով` չարացած հայհոյում իշխանություններին:

Վաղը, իհարկե, երբ հերթական ընտրություններն անցկացվեն, այդ ոհմակը նույն եռանդով կհարձակվի իշխանական շտաբների վրա ու 10 հազարական դրամ ստանալով` գոհ եւ երջանիկ կգնա տեղամաս, կքվեարկի գումարը տված «բարերարի» օգտին, իսկ հաջորդ օրը կանիծի իր բախտը, որ ապրում է այսպիսի պայմաններում:

Ցավոք, սա է այս իշխանությունների կերտած երկիրը, եւ այս վիճակն է ՛լ ավելի է խորանալու, քանի դեռ երկրից շարունակվում է արտագաղթը, քանի դեռ գնալով պակասում է միջին խավը, եւ այսպես շարունակ:

Հ.Գ. Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա, փաստորեն, նա հայրենիքը վերածում է թշվառ կրկեսի:




Լրահոս