Ոչ թե տեղի բնակչության ձեռքերով է հատվում անտառը, այլ ունենք խոշոր բիզնես, որը դրանով է զբաղվում. բնապահպանը՝ ծառահատումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ ներկայացվել էր անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված տարբերակը: Զեկուցվել էր անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության և մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման և պատասխանատու կառույցների օպտիմալացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների մասին:

Մասնավորապես, անդրադարձ էր եղել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառուցվածքային և գործառութային բարեփոխումներին, որոնք կնպաստեն այդ կառույցի աշխատանքի արդյունավետության և հասցեականության բարձրացմանը:

Կատարվող փոփոխությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, անտառները կհայտնվեն Բնապահպանության նախարարության հսկողության ներքո: Նշենք նաև, որ այս հարցի մասին դեռևս չկա պաշտոնական որոշում:

ArmLur.am-ի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ իր կարծիքով դա ճիշտ որոշում կլինի:

«Մեր անտառները պահպանության ենթակա են, ոչ թե օգտագործման: Օգտագործումը միայն սանիտարական զատումները և խնամքի հատումներն են: Եթե մենք տնկում ենք անտառ, կարող ենք օգտագործել: Իսկ այս առումով սխալ է, որ գյուղատնտեսության նախարարությունում է: Մենք մեր անհանգստությունները հայտնել ենք բազմիցս:

Եթե որոշում կայացվի, որ անտառները հայտնվեն Բնապահպանության նախարարության հսկողության ներքո, սա պետք է որ նպաստի անտառների պահպանությանը: Իհարկե, պետք է նաև աջակցություն, որովհետև շատ քիչ մարդիկ են աշխատում շատ ցածր աշխատավարձով, նույնը նաև պահպանվող տարածքներում, և այդ պարագայում շատ դժվար է ճիշտ վերահսկել»,- ասաց Դանիելյանը:

Անդրադառնալով ծառահատումներին՝ բնապահպանն ընդգծեց, որ դրանք ավելի հաճախ ոչ թե հասարակ քաղաքացիներն են անում, այլ կոնկրետ կազմակերպություններ, որոնք բիզնեսով են զբաղվում.

«Մենք կողմնակից էինք, որ տեղի համայնքներին ավելի շատ լիազորություններ տան, օրինակ, թափուկի հավաքը թույլ տվեցին: Անտառների պահպանության երկու խորհուրդ կա, որոնց անդամ եմ նաև ես: Անընդհատ հարց եմ բարձրացնում, որ ոչ թե տեղի բնակչության ձեռքերով է հատվում անտառը, այլ մենք ունենք խոշոր բիզնես, որը դրանով զբաղվում է:

Բայց խորհուրդների անդամներն ինձ միշտ ասում են, որ ես սխալ եմ և մենք նման բիզնես չունենք. միայն տեղի համայնքներն են վնասում անտառը: Հիշո՞ւմ եք, որ որոշ ժամանակ առաջ ճանապարհներին մեծ մեքենաներ հայտնաբերվեցին, որոնք մեծ քանակությամբ փայտ էին տեղափոխում, բայց հետո թեման փակեցին: Տեղի համայնքներն ի վիճակի չեն նման մեքենաներ վարձել, փայտ տեղափոխել, տանել ուրիշ տեղ վաճառել, անգամ երկրից դուրս հանել: Իմ համոզմամբ` կան կոնկրետ մարդիկ, որոնք զբաղվում են այդ բիզնեսով, սակայն իհարկե ես դա հաստատել չեմ կարող», – եզրափակեց մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս