Հյուսիս-հարավ մայրուղու փողերի լվացքատունը. ծրագրի արժեքը երկու անգամ ավելացել է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիս-հարավ մայրուղու «կենացները գնալով թանկանում են»: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, թե 556 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերջնական կառուցումը Հայաստանի համար կարժենա ավելի քան 2 միլիարդ դոլար: Եւ սա այն դեպքում, երբ 2012 թվականին մեկնարկեց այս ծրագիրը, ու հայտարարվեց, որ Մեղրիից մինչեւ Բավրա ձգվող մայրուղին կարժենա 962 միլիոն դոլար: Այդ գումարի զգալի մասը՝ 500 միլիոնը, վարկի տեսքով տրամադրելու էր Ասիական զարգացման բանկը:

Այս ողջ ընթացքում այդպես էլ չհիմնավորվեց ծրագրի տնտեսական արդյունավետությունը, հատկապես հիմա, երբ պարզվում է, որ այն կարժենա է 2 մլրդ դոլար: Որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել, թե որքանո՞վ է այս ծրագիրը շահավետ, անգամ եթե ճանապարհի որոշ հատվածներ դառնան վճարովի: Իսկ միգուցե ավելի արդյունավետ էր այդ գումարները տնտեսության մեջ ուրիշ ոլորտներում ներդնե՞լը:

Առավել եւս, երբ լուրջ կասկածներ կան, որ հատկացված գումարների մեծ մասն իր նպատակին չի ծառայել. Հյուսիս-հարավ մայրուղու ծրագիրն ի սկզբանե վերածվեց «մեծ լվացքատան», որտեղ ոմանք գումար էին լվանում, ոմանք՝ գումար գրպանում: Պատահական չէ, որ ծրագրի հետ անմիջական առնչություն ունեցողները կարճ ժամանակում բազմապատկեցին իրենց ունեցվածքը: Բավական է հիշել այս ծրագրի ընթացքի ու շինարարության որակի հետ կապված ե՛ւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ե՛ւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի դժգոհությունները, մի քանի անգամ հնչեցրած քննադատությունները:

Բավական է հիշել թեկուզ այս ծրագրի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները, որին 2013թ. հաջորդեց Հյուսիս-հարավ ծրագրի գործադիր տնօրենի պաշտոնից Արա Հովսեփյանի հեռացումը: Թեեւ նա աշխատանքից ազատվեց սեփական դիմումի համաձայն: Իհարկե, չարաշահումները շարունակվեցին նաեւ հետո, եւ երեկ էլ գործող նախարարը լրագրողի հարցին ի պատասխան՝ չի բացառել փողեր լվանալու եւ չարաշահումների հավանականությունը՝ հավելելով, թե իրենք անում են ամեն ինչ, որպեսզի ֆինանսական վերահսկողություն լինի:

Այնպես որ, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը լուրջ գլխացավանք է դարձել, գլխացավանք, որը հայտնի չէ, թե երբ կավարտվի, քանի դեռ գործող կառավարությունը՝ նախարար Մարտիրոսյանով, որեւէ քայլ չի անում իրավիճակի փոփոխության համար:




Լրահոս