ՀՀԿ կուսբջիջները` դպրոցում. «Հանրակրթության մասին» օրենքը հերթական անգամ խախտում են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ՀՀԿ-ն փորձում է ամեն կերպ վարկաբեկել ու ոչնչացնել Հայաստանի կրթական համակարգը: Այլ կերպ դժվար է բնութագրել կրթական համակարգի նկատմամբ իշխանությունների՝ պարբերական բնույթ կրող ոտնձգությունները: Այս առումով ամենաակնառու քայլը կրթական համակարգի կուսակցականացումն է, երբ մանկավարժներին ստիպում են քծնել ու անմնացորդ ծառայել իշխանություններին, ընտրությունների ժամանակ աշխատել նրանց օգտին, ձայներ հավաքել, իսկ քվեարկության օրը գնալ ընտրակեղծիքի՝ այդպես հանցանք կատարելով պետության հանդեպ:

Թվում էր՝ ԱԺ ընտրություններից առաջ բացահայտված նախընտրական սկանդալից իշխանությունները դասեր կքաղեն, երբ ինքնախոստովանական ձայնագրությունների հրապարակմամբ պարզվեց, թե ինչպես են դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններն իշխող ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրում եւ ցուցակները մարզպետարաններ, քաղաքապետարաններ եւ ՀՀԿ նախընտրական շտաբներ ներկայացնում: Առավել եւս, երբ այդ սկանդալին բուռն արձագանքեց նաեւ միջազգային հանրությունը: Բայց իշխանությունները ոչ միայն հետեւություններ չարեցին, այլեւ այսօր էլ շարունակում են կրթական համակարգը ծառայեցնել իշխող կուսակցությանը: Ասվածի ապացույցը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում բացահայտված սկանդալն էր. այնտեղ ՀՀԿ սկզբնական կառույցի նիստ է անցկացվել, անդամատոմսեր են բաժանել:

Դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանն էլ իր հարցազրույցում խոստովանել է, որ 23 ուսուցիչներից 20-ը ՀՀԿ-ական են եւ հավելել. «Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի ՀՀԿ նիստն է եղել, անդրանիկ: Այո՛, դպրոցի կուսակցական կառույցի նիստն է եղել»: Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում փորձել է համոզել, թե օրենսդրական որեւէ խախտում չի եղել: «Ժողովը տեղի է ունեցել ժամը երեքն անց կես՝ դասերից հետո:… Մենք գտնում ենք, որ երեկ օրենքին հակասող ոչ մի բան տեղի չի ունեցել: …Հիմա Մեղրիում ո՛չ նախընտրական շրջան է, ո՛չ քարոզարշավ է»,- ասել է նա: Քիչ թե շատ գրագետ անձնավորություն գիտի, որ դպրոցները կուսակցական կառույցներ չեն ունենում: Ավելին՝ ուսումնական հաստատություններում արգելվում է քաղաքական գործունեություն իրականացնելը:

Հատուկ ՀՀԿ-ականների համար մեջբերենք «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետը. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Ընդգծենք, որ խոսքը առհասարակ քաղաքական գործունեության մասին է՝ լինի դա նախընտրական շրջանում, թե ոչ: Հետաքրքիր է՝ այս ամենին ինչպես կարձագանքի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, որ ժամանակին համապատասխան շրջաբերական էր ուղարկել:




Լրահոս