Հայաստանը կատարե՞լ է տնային աշխատանքը. Սվիտալսկու հետ բանավեճի նոր առիթ է ծագել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին օրերս Հայաստանի իշխանություններին կոչ էր արել բրյուսելյան գագաթնաժողովից առաջ կատարել տնային աշխատանքը: «Նպատակը, որ կա՝ գնալ դեպի վիզաների ազատականացում եւ հետո էլ պայմանագրի ստորագրում՝ առանց վիզայի ռեժիմի ընդունման մասին, կլինեն պատշաճ ժամանակին, վստահ եմ: Բայց էլի եմ ուզում կրկնել՝ սկսեք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքներն այդ օրվա համար, պատրաստվե՛ք, կատարե՛ք ձեր տնային աշխատանքը, եւ այդ օրը, հուսով եմ, կգա»,- ասել էր նա:

Երեկ դեսպանի հայտարարություններին անդրադարձել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ հայտարարելով. «Ինչպես հայտնի է՝ վիզաների ազատականացման երկխոսությունը լուրջ բարեփոխումներով պայմանավորված գործընթաց է, եւ եթե հենց դա է նկատի առնվում «ներքին նախապատրաստական աշխատանքներ» կամ «տնային աշխատանք» ասելիս, ապա այն վաղուց է սկսվել Հայաստանում, եւ դրա մասին քաջատեղյակ է ԵՄ կողմը եւ ոչ միայն»։

Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանություններն առիթը բաց չեն թողնում հակադարձելու ՀՀ-ում ԵՄ դեսպանին: Նախորդ տարի, երբ Սվիտալսկին խոսել էր ՀՀ-ԵՄ բանակցություններում բարդությունների մասին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էր հակադարձել, թե կարող են լինել նման խնդիրներ, բայց ընդունված չէ, որ բանակցողներից մեկը բարձրաձայնի այդ մասին:

Սվիտալսկին էլ, ի պատասխան, ասել էր, թե ինքը բավական լավ է դաստիարակված, որ մեկնաբանի Նալբանդյանին: Մեկ այլ հեռակա բանավեճ էլ եղել էր Սվիտալսկու եւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջեւ՝ ընտրությունների վերաբերյալ ԵՄ դեսպանի քննադատությունների հետ կապված:

Հիմա, փաստորեն, Սվիտալսկու հետ բանավեճի նոր առիթ է ծագել: Բայց, նկատենք, տնային աշխատանքը կատարելու մասին ԵՄ դեսպանի ակնարկներն ամենեւին էլ պատահական չեն. Հայաստանը ԵՄ-ի առաջ ստանձնել է բազմաթիվ պարտավորություններ, այդ թվում՝ ընտրական ինստիտուտի բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, եւ այսպես շարունակ:

Բայց «տնային աշխատանքներն» իրականում ամբողջությամբ չեն կատարել. ասվածի վկայությունն այս տարի ՀՀ-ում անցկացված ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններն էին, որ արժանացան միջազգային հանրության քննադատությանը, ՀՀ-ում ԵՄ-ի եւ ԱՄՆ դեսպանների՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ պարբերաբար արած հայտարարությունները:

Այնպես որ, Սվիտալսկու ասած «տնային աշխատանքն» ամենեւին էլ միայն վիզաների ազատականացման ուղղությամբ ինչ-որ փաստաթղթեր ընդունելուն չեն առնչվում, այլ ակնարկները հարցերի ավելի լայն շրջանակ են արծարծում:




Լրահոս