Արթիկի քաղաքապետարանի հետաքրքիր գնումները. ինչի համար են պետք հրացան-հուշանվերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար պետական միջոցներով հետաքրքիր գնումներ է կատարել: Քաղաքապետարանը գնել է նստարաններ` «Հայաստան» անվանումով, 16 հատ, իսկ յուրաքանչյուրի համար վճարել է 93 հազար դրամ: Այսինքն՝ 16 հատ նստարանի համար Արթիկի քաղաքապետարանը ծախսել է 1 մլն 488 հազար դրամ: Քաղաքապետարանը պահանջել է, որ նստարանները լինեն չուգունե ձուլվածքով: Այն գնվել է «Ույուտ Սենթր» ընկերությունից, որի պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 8-ին:

Հայաստանի քաղաքային համայնքների ղեկավարները աթոռների գնման հարցում հետեւում են Երեւանի քաղաքապետարանի օրինակին: Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի մի քանի տասնյակից ավելի միլիոններ է ծախսում` նստարաններ եւ աթոռներ գնելու համար: «Ժողովուրդ»-ի հարցին` հնարավոր չէ արդյո՞ք ավելի էժան գնով ձեռք բերել քաղաքի նստարան, Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանն ասաց. «Մենք ավելի մատչելի գնով ենք նստարան ձեռք բերել, քան Երեւանի քաղաքապետարանը: Ճիշտ է՝ տարբերությունը չնչին է, բայց մեզ հաջողվել է էժան գնել»:

Բացի այս՝ պարզվում է, որ Արթիկի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար մի քանի անգամ գնել է հրացան-հուշանվերներ: Օրինակ՝ քաղաքապետարանը գնել է նաեւ 5 հատ երկկողմանի ժամացույց, 4 հատ հուշանվեր-հրացան` շրջանակի մեջ, փատյա, պլաստմասսե խողովակով, 5 հատ էլ ոսկեգույն կրծքանշան: Այս հուշանվերների համար քաղաքապետարանը վճարել է ընդամենը 56 հազար դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արթիկի քաղաքապետարանը օգոստոսի 10-ին պայմանագիր է կնքել «Ույուտ Սենթր» ընկերության հետ: Ըստ որի` քաղաքապետարանը գնել է արծաթից պատրաստված 4 հատ պարագաներ: Մասնավորապես քաղաքային բյուջեի հաշվին գնվել է արծաթյա սպասք, որի մեկ կոմպլեկտը պարունակում է արծաթյա, նախշազարդ սափոր, 4-ից 6 հատ փոքր բաժակներ` 50-60 գրամանոց, եւ սկուտեղ: Արծաթից պատրաստված իրերի համար Արթիկի քաղաքապետարանը ծախսել է 225 հազար դրամ:

Փոխքաղաքապետի խոսքերով՝ այս ամենը նախատեսված է նվիրելու համար. «Հրացան-հուշանվերները Հաղթանակի օրվա հետ կապված մարդկանց ենք նվիրել, Լեհաստանի Վոդզիսլավ-Սլյոնսկիից պատվիրակության համար»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս