Չեմ սիրում, երբ ինձ հետապնդում են. Գուրգեն Դաբաղյանի սիրտն ազատ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը հոկտեմբերին երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով՝ նկարահանված դուետի հիման վրա։ Նա կներկայացնի հին հայկական երգ՝ նորովի մշակմամբ եւ գործիքավորմամբ։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Գուրգենը՝ դեռեւս չցանկանալով հայտնել այլ մանրամասներ։

Երգչի՝ արտերկրում բնակվող երկրպագուները նրա հետ հանդիպելու առիթներ կունենան նաեւ մոսկովյան Կրեմլում առաջիկայում կայանալիք «Տաշի շոու» մրցանակաբաշխության ժամանակ։ Բացի այդ՝ Գուրգենը պատրաստվում է մեկ ամսով մեկնել եվրոպական շրջագայության՝ 12 քաղաքներում։

Մենք հետաքրքրվեցինք՝ Գուրգենը, ով 20 տարուց ավել է՝ բեմում է, մտադիր չէ արդյո՞ք հոբելյանական մեծ համերգով հանդես գալ. «Նման ցանկություն ունեմ, բայց դրա իրականցումը կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ ֆինանսից»,-պատասխանեց երգիչը։

Հարցին, թե ինչպես է կարողանում շոուբիզնեսյան այսօրվա պայմաններում առանց երգերի որակը գցելու գումար աշխատել, Գուրգենը պատասխանեց. «Չգիտեմ, կարծում եմ՝ հաջողվում է գտնել ոսկե միջին տարբերակը»։ Ընդառաջ գնալով երկրպագուների ցանկություններին՝ հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք Գուրգենի սիրտը զբաղված է. «Ո՛չ, իմ սիրտն ազատ է»,-ասաց նա։

Իսկ հարցին, թե արդյո՞ք չի մտածում կարգավիճակի փոփոխության մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա որոշելով կամ մտածելով չէ. ամեն բան պետք է ինքնըստինքյան ստացվի»։

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Գուրգենի համար նշանակություն ունի, թե որ ոլորտից կլինի իր ընտրյալը. «Ո՛չ, մասնագիտությունը կապ չունի, չգիտեմ՝ ով կլինի, բայց պետք է հոգեպես հարազատ լինի ինձ»,-նշեց նա։

Ի դեպ, Գուրգենն ունի մի շարք աղջիկ երկրպագուներ, որոնց հաճախ հետաքրքրում է ոչ այնքան երգչի արվեստը, որքան նրա անձնական կյանքը. «Ճիշտն ասած՝ չեմ սիրում, երբ ինձ հետապնդում են, ուզում եմ, որ երկրպագուներն ավելի շատ իմ ստեղծագործություններով հետաքրքրվեն»,-եզրափակեց նա։

Անի Անտոնյան




Լրահոս