ՖՈՏՈ. Լուսավորվել են սահմանապահ գյուղերից ևս մեկի հիմնական փողոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք տարի, Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդյունավետ գործընկերություն են ծավալվում՝ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում: Կողմերն իրականացրել են արտաքին լուսավորության համակարգի կառուցման երկու ծրագիր, որի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:

Դեռևս 2016թ.-ի աշնանը Բերդավանում տեղակայվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425մ երկարությամբ տարածք։ Ընթացիկ տարում, ծրագրի երկրորդ փուլով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցներից մնացած 900մ-ը: Երկու ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ, լուսավորվել 6325մ տարածություն:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը և համայնքի բնակիչները:

«Երկրի սահմաններն ամուր պահող գյուղացին թիկունք է մեզ համար: Կարևոր է, որ նա ունենա փոխադարձության զգացողությունը: Իր խնդիրների մեջ մեկուսանալը կթուլացնի հողի մշակին: Իսկ երբ իրականացվեն կարևոր, երկարաժամկետ արդյունք ենթադրող ծրագրեր, մեր հայրենակիցները կզգան, որ իրենք մենակ չեն, և որ մենք էլ թիկունք ենք իրենց համար: Եթե ցանկանում ենք կառուցել հզոր երկիր, պարտավոր ենք հիշել ամենակարևորի մասին. անհրաժեշտ է լինել միասնական: Դա բոլորովին բարդ չէ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս թեթևացնելու համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնելու համայնքային կյանքը, լուծելու օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթևեկելու խնդիրները, ինչն առավել կարևոր է սահմանամերձ գյուղերում: LED լուսարձակերի բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն և մաքուր շրջակա միջավայր։

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Բերդավանի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր:




Լրահոս