ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են բանակցային սեղան վերադարձնել ԼՂ հակամարտության կողմերին. հոկտեմբերի 6-7-ը սպասվում է համանախագահների տարածաշրջանային այցը: Հիմնական նպատակը Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպելն է:
Եւ ահա սպասվելիք զարգացումների համատեքստում Արցախյան հիմնահարցի վերաբերյալ հետաքրքրական մեսիջներ են հնչում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից: Այդ ամենն առայժմ քաղաքագետների մակարդակով: Բայց պարզ է, որ թեկուզ փորձագիտական կարծիքները նման դեպքերում ամենեւին էլ պատահական չեն, այլ հեռահար նպատակներ ունեն:
Եւ այսպես՝ Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում՝ Carnegie.ru-ում, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը հոդված է հրապարակել ԼՂ խնդրի մասին՝ նշելով, որ սա հետխորհրդային տարածքում միակ հակամարտությունն է, որտեղ ՌԴ-ն ու Արեւմուտքը պատրաստ են միասին գործել:
«Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտություններն այս կամ այն առումով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայություն… Միայն ղարաբաղյան հակամարտությունը ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Արեւմուտքը երբեք չեն որակել որպես աշխարհաքաղաքական դիմակայության մաս ,- գրել է ռուս քաղաքագետը, նաեւ նկատել,-Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ եւ Արեւմուտքի համար լուրջ խթան է ստեղծում գործակցության համար»:
Հատկանշական է, որ այս հոդվածը լույս է տեսել ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության նոր ալիքի, տնտեսական փոխադարձ պատժամիջոցների պայմաներում, այն էլ՝ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից առաջ: Դեռ ավելին՝ այսօր ռուսական կողմն է հայտարարում, թե արցախյան խնդրում իրենք պատրաստ են Արեւմուտքի հետ միասին գործել, իսկ ավելի վաղ նման տեսակետ էր հնչել ԱՄՆ-ից:
Եթե հիշում եք՝ Մինսկի խմբի՝ ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն այս տարվա մայիսին հայտարարել էր, թե չնայած Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հակասություններին՝ երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, ավելին՝ սերտ համագործակցել են անգամ ռուս-ամերիկյան հարաբերությունների սուր վատթարացման պայմաններում: Միաժամանակ նա պնդել է, թե Մոսկվան, ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում:
Ու հիմա նման մեսիջներից կարելի է ենթադրել, որ գերտերությունները գոնե իրենց հրապարակային գրոծունեությամբ փորձում են հասնել հակամարտության կարգավորման: