Հեքիաթներ հայաստանյան ժողովրդավարության մասին. չեխ պաշտոնյան խաբվե՞լ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրություններին՝ շեշտելով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ անցկացվում են ազատ եւ արդար ընտրություններ: «Շատ ուրախ ենք եւ ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում խորանում են մարդու իրավունքների պաշտպանությունը եւ ժողովրդավարությունը, ինչը Չեխիան շատ է գնահատում: Հայաստանը դիտում եմ որպես ժողովրդավարական երկիր, որտեղ ազատ, անկախ ընտրություններ են կայանում, եւ որտեղ կա խոսքի ազատություն»,- ասել է նա:

Չեխիայի սենատի նախագահը չի մանրամասնել, թե ո՞վ է համոզել, որ Հայաստանում ազատ, անկախ ընտրություններ են անցկացվում: Բանն այն է, որ ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպաններն ընտրություններից հետո միանգամայն այլ կարծիք հայտնեցին: Երբ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին քննադատել էր Հայաստանում անցկացված ընտրությունները, հայտարարել, որ ընտրակաշառքների բաժանելու, ձայներ գնելու դեպքեր են գրանցվել, դեպքեր են եղել, երբ մարդկանց ստորացրել եւ ծեծի են ենթարկել, ՀՀ իշխանություններն անմիջապես հարձակվել էին նրա վրա՝ հակադարձելով, թե դեսպանը միջամտում է մեր երկրի օրենքներին: Ու այդ ժամանակ եվրոպական մի շարք երկրների դեսպաններ իրենց հայտարարություններով սատարեցին Սվիտալսկուն:

Նրանց մեջ էր նաեւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան, որն ասել էր, թե Սվիտալսկու հայտարարությունը երկրի ներքին գործերին միջամտելու դեպք չէ. «Հենց Հայաստանի կառավարությունն է խնդրել ընտրական գործընթացի ժամանակ տեխնիկական մասով միջազգային դոնորների աջակցությունը: Հայաստանի կառավարությունը Եվրոպայի Խորհրդի եւ միջազգային մի քանի այլ ինստիտուտների հետ մի շարք համաձայնագրեր է ստորագրել, եւ այս համաձայնագրերով նախատեսված են Հայաստանի որոշակի պարտավորություններ: Եթե դիտորդական առաքելությունը եզրակացրել է, որ ընտրությունների հետ անհամատեղելի որոշ պահեր են եղել, ես պատճառ չեմ տեսնում, որի համաձայն Սվիտալսկին չէր կարող իր կարծիքը հայտնել»,- ընդգծել էր դեսպանը: Ու այսքանից հետո, երբ Չեխիայի խորհրդարանի նախագահը տրամագծորեն հակառակ կարծիք է հայտնում, մի տեսակ անհասկանալի է:

Չնայած, դժվար չէ ենթադրել, որ ՀՀ իշխանությունները կարողացել են հանդիպումների ժամանակ հայկական հյուրասիրությամբ եվրոպացի պաշտոնյայի «ականջներից լապշաներ կախել» ու հեքիաթներ պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին: Իսկ միգուցե նա փորձեր նախապես այս թեմայով խորհրդակցել իր երկրի դեսպանի հետ, որն ավելի լավ կներկայացներ իրավիճակը:




Լրահոս