ՄԻ ԲԱՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ, ՏԵՍՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սերժ Սարգսյանը կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը`  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օրկարգով: Տարբեր քաղաքական հոսանքների ու քաղաքական վերլուծաբանների միջինացված գնահատականների հանրագումարը նույնն է` մինչեւ Աստանան եղած առաջարկը: Այսինքն` հայկական կողմից պահանջվում է երեք շրջանների վերադարձ, ապա հանրաքվե: Այն տարբերությամբ միայն,  որ եթե առաջընթաց չգրանցվի, ապա կտրուկ եւ շատ ռեալ  կավելանա պատերազմի հավանականության վտանգը: Հարցն էլ դրվում է այսպես. «Ստորագրում ես, քո երկրում գնում ես բարեփոխումների, քո ժողովուրդը դա ընդունում է»:Դատելով վերջին շրջանում համանախագահների, ԱՄՆ պետքարտուղարի միանգամից երկու տեղակալների` տարածաշրջան կատարած այցելություններից` Սոչին սոսկ ռուսական պրոյեկտ չէ, եւ այս հարցում կա Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի կոնսենսուս` բացառությամբ մեկ կետի, որն  ԱՄՆ-ի, Իրանի ու Ռուսաստանի միջեւ է` ազատագրված տարածքներում խաղաղապահների տեղակայման հարցը: Ռուսաստանն ու Իրանը պնդում են ռուսական կոնտինգենտի, ԱՄՆ-ը` ՆԱՏՕ-ի միջազգային կոնտինգենտի, ինչին կտրականապես դեմ է Իրանը` ընդհուպ մինչեւ Ադրբեջանի վրա հարձակման սպառնալիքը: Հայաստանի խուսանավելու հնարավորությունը կարող է լինել  ժամկետների մոտեցման հարցը, որը, մեր տեղեկություններով, Երեւանը վերջերս թարմացրել է: Եթե ռուսներին հաջողվի լուրջ ճնշում բանեցնել Սերժ Սարգսյանի վրա, ապա կլինի Մայնդորֆ (պաշտոնական թուղթ), որը հնարավոր է ունենա բանավոր համաձայնություն: Ակնհայտ է նաեւ, որ Սերժ Սարգսյանն ամեն գնով  փորձելու է խուսափել Մայնդորֆի նման հռչակագրային փաստաթղթից, քանի որ այս նոր «Մայնդորֆ»-ը այլ է լինելու, այստեղ կոնկրետ բաներ են գրվելու: Օրինակ, որ որպես սկզբունք ընդունվել են այս-այս կետերը, որոնք ի ցույց կդնեն որոշակի առաջընթաց: Դա կարող է այսպես դրսեւորվել` շրջանների հանձնում հանրաքվեի դիմաց: Իսկ որ ռուսները կփորձեն հասնել սրան, հաստատ է, այլ հարց է, թե որքանով կհաջողվի: Ռուսների`  ճնշումներ բանեցնելու տրամադրության մասին է վկայում նախօրեին Գազպրոմի հայտարարությունը «առ այն», որ, գիտեք ինչ, նախագահների համաձայնությունը համաձայնություն, բայց հարցը դեռ այնքան էլ համաձայնեցված չէ: Նման, արդեն լրիվ անհարգալից  տոնայնությամբ հաղորդագրությունները վերջին շրջանում հաճախացել են: «Իսպանիայի թագավոր, մշակույթ եւ մի քիչ Հայաստանի նախագահ»` ահա այսպիսի վերնագրով էր անդրադարձել ՌԴ նախագահի աշխատակազմի անուղղակի տնօրինության տակ գտնվող «Ռեգնում»-ը ՌԴ նախագահի մեկ աշխատանքային օրվան, այդ թվում` փետրվարի 25-ին Հայաստանի նախագահի հետ  Սանկտ-Պետերբուրգում  կայացած հանդիպմանը:Իսկ փետրվարի 3-ին էլ ՌԴ ստրատեգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էշետնիկովը հայտարարել է, որ հայկական ողջ քաղաքական վերնախավը բացառապես ամերիկյան է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կա 400-ի չափ գործակալ, որ մոտակա մեկ-երկու տարում ԱՄՆ-ն տանելու է Հայաստանը, որ  հայաստանյան էլիտան անխտիր գնված է ամերիկացիների կողմից եւ այլն եւ այլն:  Ակնհայտ է, որ  Սոչի մեկնելուց 2 օր առաջ` մարտի 3-ին, ՀՀԿ գրասենյակ այցելելը չէր կարող պայմանավորված լինել Սերժ Սարգսյանի ունեցած կարոտով առ հանրապետականներ, չէր կարող միայն ներքին կուսակցական օրակարգը քննարկել այդ «ազիզ օրով»: Այսինքն` այդ` ՀՀԿ-ականների հետ հանդիպումը հավասարապես կարող էր վերաբերել ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքական օրակարգին, որոնք երկուսն էլ, մեր տեղեկություններով, եղել են: Անձամբ Սերժ Սարգսյանի նեղ  շրջապատից տարբեր տեղեր լուրեր են հասնում, որ առնվազն 10 մարդու պաշտոնավարման հարցը շատ լուրջ է դրված,այդ թվում նաեւ վարչապետի եւ ուժային կառույցների ղեկավարների: Հետաքրքիր է, որ վերջին շրջանում ՀՀԿ վերնախավը անընդհատ կրկնում է. «Մենք հասկանում ենք, որ կան դժգոհողներ կամ թե ինչ խնդրներ ունեն նրանք»: Իսկ եթե սա այսքան անգամ ասվում է, ապա նշանակում է, որ սարերի հետում չէ նաեւ վարչապետի փոփոխությունը: Երեկ, ի պատասխան այս ենթադրության, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ասելով, թե նման բան հնարավոր չէ, անսպասելի ավելացրեց. «Դե, ոչ մի  դիրք հավերժ չէ, բայց միտքը հավերժ է»:  ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս