Շմայսին երանի տալով. նա գոնե հայհոյում էր, իսկ հիմա ԱԺ-ում ծեծում են իրար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում երեկվա թեժ բանավեճն ավարտվեց բռունցքներով. ծեծկռտուք է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ: Մի քանի օր է՝ իր ելույթներում Փաշինյանն անդրադառնում էր Արտաշես Գեղամյանի՝ մոլի ռուսամետ պահվածքին՝ ամեն անգամ հեգնելով նրան: Գեղամյանն էլ երեկ զգուշացրեց՝ չափդ մի՛ կորցրու: Արդեն միջանցքում, երբ նրանք փորձել էին հաշիվներ պարզել, ամեն ինչ շատ արագ վերածվել է քաշքշոցի ու ծեծկռտուքի: Ընդ որում, ծեծկռտուքը եղել էր այնպիսի վայրում, որտեղ չկան տեսախցիկներ, այլ միայն մեկ-երկու հոգի է տեսել կատարվածը:

Միջադեպի մասին առաջինն ահազանգեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գորգիսյանը՝ ԱԺ ամբիոնից ելույթում տեղեկացնելով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեղամյանը հարձակվել է իրենց խմբակցության ղեկավարի վրա, եւ ՀՀԿ-ականներին իրենց գործընկերոջը զսպելու կոչ արեց:

Իսկ Փաշինյանն էլ միջադեպի մասին տեղյակ էր պահել սոցիալական ցանցերում՝ գրելով, թե Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, ինքն էլ հաջողությամբ պաշտպանվել, այնուհետեւ կոշիկներն է փայլեցրել գործընկերոջով: Արտաշես Գեղամյանը, սակայն, հերքել է այդ ամենը՝ ասելով, որ եթե ինքը հարվածեր որեւէ մեկին, ապա վերջինս կհայտնվեր հիվանդանոցում, նաեւ նշել էր, որ եթե տղամարդիկ իրար միջեւ հարցեր են պարզում, այդ մասին չեն բարձրաձայնում սոցիալական ցանցերում, եւ որ նման պահվածքը հարիր չէ:

Մի խոսքով՝ նոր խորհրդարանն այս կարճ ընթացքում հասցրեց հանրության աչքի առաջ հառնել իր ողջ «հմայքով»: Միայն թե, համաձայնեք, տեղի ունեցածն իսկապես ամոթալի էր: Ամոթալի էր, որովհետեւ թվում էր, թե գոնե այս ԱԺ-ն /որն, ի դեպ, խորհրդարանական կառավարման համակարգում երկրի առանցքային իշխանական մարմինն է/ մաքրվել է օդիոզ կերպարներից՝ փոխարենը համալրվելով բանիմաց, որակապես բարձր կադրերով: Հետո ոմանք ուրախացել էին, որ այլեւս խորհրդարանում չէ հայտնվի Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը:

Բայց արի ու տես, որ Առաքել Մովսիսյանն իր գործունեության ողջ ընթացքում գործի չդրեց բռունցքները, միայն տեղը եկած ժամանակ մի լավ հայհոյում էր, այդպես հանգստացնում նյարդերը ու վերջ: Մինչդեռ հիմա քաղաքական գործչի համբավ ունեցող պատգամավորներն են իրար մեջ հարցերն այլ կերպ լուծում:




Լրահոս