Տեղի գյուղապետարանը բյուջեի հաշվին «տնական» գնումներ է կատարել. գնվել է սուրճի բաժակ, ափսե, գդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի ծննդավայր համարվող Տեղի գյուղապետարանը ընթացիկ տարվա համար համայնքի բյուջեի հաշվին «տնական» գնումներ է կատարել. մասնավորապես գնվել է սպասք` բաժակներ, պատառաքաղներ, գդալներ ու շինանյութ:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի՝ սեպտեմբերի 26-ի փոփոխված գնումների պլանը: Ըստ այդմ, գյուղապետարանի ընթացիկ տարվա ծախսերի առյուծի բաժինը կազմում է աշխատավարձը` 72 մլն դրամ: Նշենք, որ Տեղը խոշորացված համայնք է, որի կազմի մեջ է մտնում Արավուսը, Քարաշենը, Խնածախը, Վաղատուրը, Խոզնավարը: Այսինքն՝ 72 մլն դրամը բաշխվելու է նաեւ նշված բնակավայրերի աշխատողների միջեւ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է 43:

Աշխատավարձի գծով ծախսերից անցում կատարենք կենցաղային ապրանքների գնումներին: Այսպես՝ Տեղի գյուղապետարանը գնել է 10 հատ 600 դրամանոց պլաստմասսե աղբարկղ, 4 հատ 5000 դրամանոց ծաղկաման: Բացի այս, ըստ պաշտոնական փաստաթղթի` գյուղապետարանը գնել է մեկ տուփ բաժակ` 10 հազար դրամով, 2 տուփ թեյի կամ սուրճի բաժակներ` 10 հազար դրամով, վեց հատ 1000 դրամանոց ափսե, ընդհանուրի համար ծախսվել է 6 հազար դրամ: Գյուղապետարանը ափսեներից ու բաժակներից բացի՝ չի մոռացել գդալների ու պատառաքաղների մասին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Տեղի գյուղապետարանը գնել է 1 տուփ գդալներ, պատառաքաղներ` 15 հազար դրամով, մեկ հատ սկուտեղ` 2000 դրամով: Իսկ շերտավարագույրի համար ծախսվել է 150 հազար դրամ: Մեր հարցին` ո՞ւմ համար են սուրճի, թեյի բաժակները կամ գդալներն ու պատառաքաղները, գյուղապետարանի ֆինանսական հարցերով պատասխանատու Սուսաննա Ալավերդյանն ասաց. «Գյուղապետարանի կարիքների համար է: Հյուրեր ենք ունենում նախարարություններից, մարզպետարանից, պետք է հյուրասիրենք, չէ՞, իրենց»:

Ի դեպ, գնումների պլանից տեղեկացանք նաեւ, որ գնվել է 1000 կգ ցեմենտ, որի համար ընդհանուր վճարվել է 60 հազար դրամ, 1500 կգ գաջ` 75 հազար դրամով, 20 կգ մեխ` 16 հազար դրամով, 40 կգ ներկ` 62 հազար դրամով: «Ժողովուրդ»-ը Սուսաննա Պետրոսյանից հետաքրքրվեց, թե գնված շինանյութով ինչ են պատրաստվում նորոգել: Մեր հարցմանն ի պատասխան՝ գյուղապետարանի աշխատակիցը զարմացավ` նշելով. «Կարող է՝ տարբեր բնակավայրերում հազար ու մի բան կատարվի, մշակույթի տանը, գրադարանում կամ անասունների համար լողարան լինի: Այս պահին որեւէ բան չկա կառուցելու կամ նորոգելու, դա ապահովության համար ենք գրել»:
Բացի այս՝ Տեղի գյուղապետարանը նախատեսել է ներքին գործուղումների համար ծախսել է 1 մլն 680 հազար դրամ: Իսկ ավտոմեքենաների պահեստամասերի համար ծախսվել է 187 հազար դրամ: Գնվել է նաեւ 4 հատ անվադող, յուրաքանչյուր անվադողի համար վճարվել է 38 հազար 750 դրամ: Այսինքն՝ ընդհանուր 4 հատ անվադողի համար ծախսվել է 155 հազար դրամ:

Տեղի գյուղապետարանը իր կարիքների համար գնել է 4000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին եւ ծախսել մոտ 1 մլն 400 հազար դրամ: Ստացվում է, որ գյուղապետարանը մեկ լիտր բենզինի դիմաց վճարել է 335 դրամ: Գնվել է նաեւ 2429 լիտր դիզելային վառելիք` մեկ լիտրը 316 դրամով, որի ընդհանուր վճարը կազմել է 768 հազար դրամ: Գյուղապետարանը չի բավարարվել միայն բենզինով ու դիզելային վառելիքով, գնել է նաեւ 8500 խ/մ բնական սեղմված գազ` 1 խ/մ-ի դիմաց վճարելով 200 դրամ: Իսկ բնական սեղմված գազի համար ընդհանուր վճարվել 1 մլն 700 հազար դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս