«Ժողովուրդ»-ը կրկեսի արտիստ, ակրոբատ, երգչուհի, դերասանուհի Թինա Քեյի հետ զրուցել է երկրորդ զավակի ծնունդից հետո վերցրած դադարի, ստեղծագործական կյանքի նորությունների, կրկեսից դուրս գալուց հետո ստացած հարվածի, իր մասին լսած ամենաանհեթեթ բամբասանքի մասին։ Թինան նշել է, որ երբ Երեւանի կրկեսը վերջապես վերագործարկվի, ինքը, թերեւս, թոշակառու կլինի։
-Թինա՛, երեք ամիս առաջ լույս աշխարհ եկավ Ձեր երկրորդ զավակը: Որդու ծնունդից հետո ի՞նչ զգացումներ ունեցաք։ Մի փոքր պատմեք։
-Միշտ ասում են, որ առաջին զավակի ծնունդն է բարդ լինում, իսկ ինձ մոտ երկրորդի ծնունդն է դժվար տրվել։ Երկուսին էլ պաշտում եմ, թեեւ շատ տարբեր բնավորություններ ունեն։
-Առաջին երեխայի ծնունդը Ձեր գործունեության ակտիվության վրա որեւէ կերպ չանդրադարձավ, իսկ երկրորդի՞նը։
-Որդուս ծնունդն էլ չի խոչընդոտի։ Դադարը, իհարկե, եւս մի քանի ամիս կշարունակվի, բայց երկար չի տեւի։ Շուտով կվերադառնամ արվեստի ընտանիք։ Սակայն նույնիսկ այդ ընթացքում պարապ չեմ մնում, պատրաստում եմ ձայնասկավառակ, որտեղ մեծ մասամբ ընդգրկված կլինեն ռուսերեն երգեր, հետո էլ կանցնեմ տեսահոլովակներ նկարահանելուն։
-Մի ժամանակ երգը Ձեր կյանքում զբաղեցնում էր երկրորդական, երրորդական տեղ, սակայն այժմ նույնը չենք կարող ասել։
-Այո՛, թեեւ ավարտել եմ նաեւ երաժշտական դպրոց, ինձ միշտ էլ գերել է կրկեսը, պարը։ Բայց հիմա արդեն որոշեցի երգն ու պարը համատեղել։ Կարծում եմ՝ այդ միքսը կհետաքրքրի երկրպագուներին։ Չէ՞ որ համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Շակիրան, Բեյոնսեն, Լոպեսը հենց այդպես են գրավել աշխարհը։ Ես, իհարկե, ինձ չեմ համեմատում նրանց հետ, որովհետեւ մեր ասպարեզն էլ բավական նեղ է, հնարավորությունները՝ սահմանափակ։
-Իսկ շոուներ, ակրոբատիկական հնարքներ կկիրառե՞ք Ձեր ելույթներում։
-Ընդհանրապես, երբ բեմահարթակներից հայտարարում են «Թինա Քեյ» անունը, մարդիկ չգիտեն՝ ես օդից եմ իջնելու բեմ, թե՞ ընդհատակից եմ հայտնվելու այնտեղ (ծիծաղում է)։ Կարծում եմ՝ իմ ելույթների առավելությունը հենց շոուի տարրերի մեջ է։
-Իսկ ոլորտում համապատասխան պայմաններ ստեղծվա՞ծ են Ձեզ համար, ստեղծագործելու բոլոր հնարավորությունները տրվա՞ծ են Ձեզ։
-Ես միշտ եղել եմ «kот, который гулял сам по себе»։ Իմ ճանապարհը ես եմ հարթել ինձ համար։ Իհարկե, անցածս ուղին առանց խոչընդոտների չի եղել։ Բայց ինձ համար կարեւոր է նաեւ բացասական ուժերի առկայությունը, որովհետեւ դրանք ինձ ուժ են տալիս, որ ավելի բարձր սլանամ։
-Ո՞րն է ամենաանհեթեթ բամբասանքը, որ Ձեր մասին լսել եք։
-Երբ տարիներ առաջ երգիչ Մհերի հետ մասնակցում էի «Երկու աստղ» նախագծին, մարդիկ լուրեր էին տարածել, թե իբր մենք երեք տարեկան աղջիկ ունենք։ Ինձ էլ, Մհերին էլ այդ բամբասանքն ուղղակի սպանեց, որովհետեւ մենք եղել ենք եւ կանք հոյակապ կոլեգաներ (ծիծաղում է)։
-Կա՞ մի հարված, որ մինչ օրս էլ չեք մարսել։
-Կա, դա կապված է կրկեսի հետ։ Երբ Երեւանի կրկեսը քանդեցին, դա իսկապես մեծ հարված էր ինձ համար։ Ես կորցրեցի իմ բեմահարթակը եւ հայտնվեցի ռեստորանում, որտեղ բոլորն ուտում էին, իսկ ես պետք է շոու ցուցադրեի։ Ես չէի հասկանում՝ որտեղ էի, ինչու էի այդտեղ գտնվում…Դա անդառնալի կորուստ էր։ Ասել եմ ու էլի կասեմ, որ արտիստը պետք է լինի իր տեղում, ոչ թե ռեստորանային համալիրում։
-Իսկ ինչո՞ւ եք վերջնականապես հուսահատվել։ Գուցե կրկեսի վերագործարկման պարագայում վերադառնալու հնարավորությո՞ւն ունենաք։
-Ախր, երբ կրկեսը վերջնականապես կառուցվի, ես կհամարվեմ թոշակառու։ Մի ամբողջ սերունդ կորցրեց այդ հրաշք արվեստի հետ շփումը։ Հուսով եմ՝ գոնե մեր երեխաները կհասցնեն առնչվել կրկեսին:
Անի Անտոնյան