Ալիևը մթնոլորտ է պղտորո՞ւմ, թե՞ Հայաստանը հրաժարվել է նախապայմաններից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ խնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեի հայտարարություններին Հայաստանը թեեւ ուշացումով, բայց արձագանքեց բարձր մակարդակով. Սերժ Սարգսյանի տեսակետը փոխանցեց նրա խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ Ալիեւը հայտարարել էր, թե Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է առանց նախապայմանների: Ու թեեւ նա չէր կոնկրետացրել՝ ի՞նչ նախապայմանների մասին է խոսքը, սակայն ակնհայտ էր, որ նկատի է ունեցել ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ պայմանավորվածոթյունները՝ շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ:

Ս. Սարգսյանի խոսնակի արձագանքն էմոցիոնալ էր. Ալիեւի հայտարարությունները որակելով սադրանք, մթնոլորտը պղտորելու փորձեր՝ նրան մեղադրել է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին խաբելու մեջ՝ շեշտելով, որ դա խայտառակություն է, նաեւ հիշեցրել է Բաքվի կոռուպցիոն սկանդալների մասին միջազգային մամուլի բացահայտումները: Բնականաբար, այս ամենն արվել է տարբեր մակդիրների եւ էպիտետների կիրառմամբ: Իսկ «նախապայմաններից Հայաստանի հրաժարվելու» բուն հայտարարության մասին Սարգսյանի խոսնակը նշել է. «Բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որեւէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից: Եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն»:

Այլ կերպ ասած՝ Հայաստանը հերքում է, որ հրաժարվել է շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ պայմանավորվածություններից: Միայն թե, հետաքրքիր է, ինչո՞ւ Նյու-Յորքում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ որեւէ բառ չկար այդ պայմանավորվածությունների մասին. համանախագահները, որ պարբերաբար հայտարարում էին մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին, այս անգամ նման պնդում չէին հնչեցրել: Եվ կարծես թե այդ թեմային չէին անդրադարձել նաեւ Նալբանդյանն ու Մամեդյարովը:




Լրահոս