Երբ հերթը հասնում է շեֆին պաշտպանելուն, ՀՀԿ-ականներն իրենց խուլիգանի նման են դրսևորում. Ծտի և Բլդիի հետեվորդները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու նիստերից տպավորություն է, թե հանձինս ՀՀԿ-ականների՝ քաղաքի ղեկավարումը ստանձնել է թաղային խուժանը, քուչի թափթփուկը:
Ավագանու երեկվա նիստում ՀՀԿ ներկայացուցիչներն ինքնամոռաց մրցում էին, թե իրենց վսեմաշուք շեֆին ընդդիմադիրների քննադատություններից պաշտպանելու եւ հակահարված տալու նվիրական գործում ո՞վ ավելի կոպիտ կգտնվի, ո՞վ ավելի վիրավորական, ավելի սուր արտահայտություն կանի: Եթե ավագանու նախորդ նիստում ընդդիմադիրների հետ «բանավիճելու» ծանր առաքելությունը ստանձնել էին մականունավորները` Ծիտն ու Բլդին, ապա այս անգամ առաջին շարքերում հայտնվել էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հետո արդեն նրան միացան ՀԷԿ-երի Նառա մականունով հայտնի Նաիրա Նահապետյանը, Լեւոն Իգիթյանը, Կամո Հովհաննիսյանը:

Ամեն ինչ սկսվեց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանի ելույթից, որտեղ նա Տարոն Մարգարյանին որակեց «Երեւան քաղաքը քանդող»: Այս խոսքերին անմիջապես հաջորդեց Արեյանի բացականչությունը. «Ես այլեւս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով Աստված Ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք Ձեզ դրախտ բերողը չենք: Հաշվի առեք եւ ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի եւ մեր վաստակի եւ աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք Ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից… Դե, վեր ընգի տեղդ, տո՛, տավար… վեր ընգի տեղդ…»: Տարոն Մարգարյանին կրծքով պաշտպանելու հարցում ետ չի մնացել ՀԷԿ-երի Նառան, թե. «Դու ի՞նչ մարդ ես… Իսկական թուրքերի հավաքածու ա»: Իսկ ճարտարապետ Լեւոն Իգիթյանն էլ գռեհիկ հայհոյանքներ է հնչեցրել:

Ճիշտ է՝ Տարոն Մարգարյանն այս անգամ փորձում էր զսպել եւ կանխել վիճաբանությունը՝ ձեւացնելով, թե հանդուրժողականության կողմնակից է, պարբերաբար կոչ էր անում չխանգարել ավագանու նիստերը: Բայց ՀՀԿ-ականներն անդրդվելի էին. չէ՞ որ շեֆին քծնելու եւ պաշտպանելու հրաշալի առիթ էր ստեղծվել: Եւ հետո, համաձայնեք, սա ՀՀԿ-ականների էությունն է, ՀՀԿ-ականների տեսակը: Քաղաքակիրթ բանավեճերն ամենեւին էլ նրանց համար չեն: Նրանց ավելի հոգեհարազատ է վիրավորանքն ու հայհոյանքը, որովհետեւ ՀՀԿ-ականներն այլ լեզու չեն հասկանում: Եւ այդպիսին են ոչ միայն մականունավորները` Ծիտը, Բլդին, ՀԷԿ-երի Նառան, այլեւ Կամո Արեյանը, հաջորդ նիստում` կհայտնվեն ուրիշները, եւ այսպես շարունակ:




Լրահոս