Աշխարհը ֆինանսատնտեսական նոր ճգնաժամի առաջ. իսկ ՀՀ կառավարությունը «դրայվի» եւ «դմփոց-ռեֆորմների» մեջ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամն իր «Գլոբալ ֆինանսական կայունություն» զեկույցում բավական տխուր կանխատեսումներ է արել։ Ըստ այդ փաստաթղթի՝ թեեւ միջազգային տնտեսական շուկաները կայունանում են, սակայն մյուս կողմից լուրջ ռիսկերը շարունակում են պահպանվել: Եւ ԱՄՀ ներկայացուցիչ Թոբիաս Ադրիանը հայտարարել է. «Եվ, չնայած ջրերը հանգիստ են թվում, անկայունությունը ձեւավորվում է խորքերում։ Եթե ոչինչ չձեռնարկենք, դա կարող է սասանել գլոբալ վերականգնումն ու տնտեսական աճը հարվածի տակ դնել»: Նրա խոսքերով՝ «Մեծ քսանյակի» գումարային պարտքը կազմում է 135 տրլն դոլար, հետեւաբար այդ եւ այլ երկարաժամկետ ռիսկերը կարող են նոր ֆինանսական ճգնաժամի հանգեցնել։ Ասել է, թե մասնագետների կանխատեսմամբ կրկին հայտնվել ենք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նոր ալիքի շեմին:

Տեւական ժամանակ է՝ որեւէ խոսք չկար ֆինանսական նոր ճգնաժամի մասին: Ընդհակառակը, համաշխարհային տնտեսությունը կամաց-կամաց կայունացման նախանշաններ էր ցույց տալիս՝ փորձելով մոռացության մատնել 2008-2009թթ. եղելությունները: Մինչդեռ հիմա ԱՄՀ ներկայացուցիչների վերլուծությունները եթե ոչ անհանգստանալու, ապա առնվազն զգոնության առիթ պետք է հանդիսանան: Միաժամանակ, սա ազդակ պետք է լինի նաեւ Հայաստանի իշխանությունների համար: Առավել եւս, երբ արժույթի միջազգային հիմնադրամն իր զեկույցում կասկածի տակ էր դրել նաեւ ՀՀ իշխանությունների՝ հաջորդ տարվա համար խոստացած 4.5 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը՝ նշելով, որ աճը 2.9 տոկոսի սահմաններում կլինի: Ու բացի այդ՝ Հայաստանի տնտեսությունը շատ զգայուն է արտաքին ազդակների հանդեպ. բավական է միջազգային շուկայում կամ ռուսական տնտեսության մեջ որեւէ վայրիվերում, որեւէ շեղում, եւ հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Այնպես որ, ՀՀ կառավարությունը որքան էլ «դրայվի», «դմփոց-ռեֆորմների» ազդեցության տակ լինի, պետք է այս իրողությունները հաշվի առնելով՝ նախազգուշական միջոցառումներ ձեռնարկի: Ի վերջո, անցյալի դառը փորձը դեռ չի մոռացվել: Հիշում եք՝ երբ 2008-2009թթ. ամբողջ աշխարհը խոսում էր սպասվող ճգնաժամի մասին, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզում էր, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, քանի որ ՀՀ տնտեսությունը շատ քիչ բանով է կապված համաշխարհային տնտեսության հետ: Բայց ստացվեց հակառակը. Հայաստանի տնտեսությունը 14 տոկոս անկում գրանցեց, ու մինչեւ հիմա փորձում է դուրս գալ շոկից:




Լրահոս