Վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռուստաելույթը տարբեր պատճառներով առաջացրել է շատերի զայրույթը: Սակայն հղիների նախածննդյան եւ հետծննդյան վճարների շուրջ կատարվող մեքենայությունների վերաբերյալ վարչապետական հայտարարություններում որոշ ռացիոնալ հատիկ կար: Դա է ապացուցում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ՀՔԾ-ի կողմից հարուցված թիվ 61201610 քրեական գործը:2005 թվականի հունվարի 4-ից մինչեւ 2009 թվականի հունիսի 23-ը ՊԵԿ Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում որպես սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ աշխատող Հովհաննես Արիստակեսյանը, որի ֆունկցիոնալ պարտականությունների մեջ էր մտնում նաեւ անաշխատունակության թերթիկների եւ գործատուների կողմից հղիության եւ ծննդաբերության նպաստ վճարելու վերաբերյալ ներկայացված տեղեկանքների ուսումնասիրումը, ձեռքի տակ եղած տեղեկատվությունը օգտագործել է պետբյուջեից հղիների նպաստները գրպանելու համար: Սկզբում նա հղի Լիլիթ Դարբինյանից վերցրել էր անձնագրի եւ սոցիալական քարտի պատճեները նրան մի ինչ-որ կազմակերպությունում աշխատանքի ձեւակերպելու պատրվակով, որից հետո պայմանավորվել էր «Սերգոյաններ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Սերգոյանի հետ 2007 թվականի օգոստոսի 1-ից Լիլիթ Դարբինյանին նշված ընկերությունում ձեւականորեն աշխատանքի ձեւակերպել: Անձամբ իրականացնելով այդ ընկերության հաշվապահությունը` Արիստակեսյանը հարկային տեսչություն էր ներկայացրել կեղծ տեղեկություններ առ այն, որ Լիլիթ Դարբինյանը երեք ամիս աշխատել է նշված ընկերությունում եւ ամսական ստացել 250.000 դրամ աշխատավարձ: Ապա անձնական գործին կցելու պատրվակով Լիլիթ Դարբինյանից վերցրել էր վերջինիս հղիության մասին 2007 թ. հոկտեմբերի 16-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տրված անաշխատունակության թերթիկը: Հովհաննես Արիստակեսյանը Կարեն Սերգոյանի անունից կազմել եւ հարկային տեսչություն էր ներկայացրել կեղծ տեղեկանք այն մասին, որ գործատուն` Կարեն Սերգոյանը, որպես հղիության նպաստ Լիլիթին վճարել է պետբյուջեից գործատուին փոխհատուցման ենթակա 1.151.300 դրամ, որն էլ Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից փոխանցել էր «Սերգոյաններ» ՍՊԸ-ի հաշվեհամարին: Նույն եղանակով «Սերգոյաններ» ընկերությունում կրկին 3 ամսով եւ 400.000 դրամ աշխատավարձով աշխատանքի էր «տեղավորվել» հղի Բելլա Ղազարյանը, որին Արիստակեսյանի կազմած կեղծ տեղեկանքներով պետբյուջեից վճարվել էր 1.735.800 դրամ հղիության նպաստ: Արիստակեսյանը կանանց ասել էր, որ կազմակերպությունը լուծարվել է, եւ որ նրանք այլեւս չեն աշխատում: Բելլայի եւ Լիլիթի հղիութան նպաստներն էլ բաժանվել էին Արիստակեսյանի եւ Սերգոյանի միջեւ: Մտածելով, որ խսիտ կասկածելի կլինի այն, որ «Սերգոյաններ» ընկերությունում բոլոր կանայք բարձր աշխատավարձ են ստանում եւ հղիանում, մյուս հղիին` Սուսաննա Մկրտչյանին, Արիստակեսյանը 300 հազար դրամ աշխատավարձով տեղավորել էր արդեն «Համլետ-Նարինե» ՍՊԸ-ում, որի տնօրեն Միսակ Բադալյանի հետ Սուսաննայի անվամբ ստացել էր 1.241.200 դրամի հղիության փոխհատուցում: Նրան էլ ասել էին այն, ինչ մյուս հղիներին: Իսկ իր խաբեության հաջորդ զոհի` Թեհմինե Հովհաննիսյանի հղիության նպաստը Արիստակեսյանը ստացել էր հետեւյալ կերպ. փաստացի իրականացնելով 2007 թ. հոկտեմբերի 1-ին հիմնադրված եւ Նաիրիի հարկային տեսչությունում հաշվառված «Թեհմինե Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրության հաշվապահությունը Թեհմինե Հովհաննիսյանի անունով, սակայն նրանից գաղտնի, կեղծ հաշվետվություն էր ներկայացրել այն մասին, որ ձեռնարկատիրության տարեկան շրջանառությունը կազմել է 12 մլն դրամ: Ի վերջո, որպես սոցիալական վճարի հաշվարկման հիմք ընդունված 11.422.500 դրամից հաշվարկվել եւ պետբյուջեից երկու փուլով Թեհմինե Հովհաննիսյանին վճարվել էր ընդհանուր գումարով 4.383.634 դրամ հղիության նպաստ այն դեպքում, երբ իրականում ձեռնարկատիրության տարեկան շրջանառությունը կազմել է ընդամենը 7 մլն դրամ: Այնուհետեւ Հովհաննեսն իր եղբոր կնոջ` Լիլիթ Խաչատրյանի հետ նրա անունով Նաիրիի հարկայինում գրանցել էր «Լիլիթ Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրությունը, որտեղ արդեն աշխատանքի էին «տեղավորել» Մարիամ Մովսիսյանին` 250.000 դրամ աշխատավարձով: 2009 թվականի փետրվարի 18-ին պետբյուջեից, որպես Մարիամ Մովսիսյանին փոխհատուցում, «Լիլիթ Խաչատրյան» ՍՊԸ հաշվեհամարին է փոխանցվել 1.016.900 դրամ: Հաջորդ անգամ Արիստակեսյանն ու Լիլիթ Խաչատրյանը վերջինիս քրոջ` Լիանա Խաչատրյանի անունով եւ նրանից գաղտնի պահելով իրենց իրական նպատակը` Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում գրանցել էին «Լիանա Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրությունը: Այստեղ տեղավորել էին Մարիամ Մովսիսյանին, որը 2008 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «աշխատել էր» 250.000 դրամ աշխատավարձով: Առաջադրված մեղադրանքում բոլոր չորս մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել, բայց Հովհաննես Արիստակեսյանը միաժամանակ հայտնել է, որ իրենց մեքենայությունների արդյունքում որպես սոցիալական վճար պետբյուջե է մուծվել շուրջ 9.400.000 դրամ այն դեպքում, երբ այդ ձեռնարկատիրություններն իրականում չեն գործել: Նա խնդրել է նշված գումարով մարել իր գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասը:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՄԻ ԽՈՒՄԲ ՏՂԱՄԱՐԴԻԿ` ՀՂԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ