Տարիներ շարունակ Հայաստանի կառավարությունը տարբեր չափերի փոխհատուցում է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանի դատարաններում արդարություն չգտնելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմում եւ հաղթում:
Ստացվում է, որ Հայաստանում գոյություն չունեցող արդարադատության համար վճարում ենք մենք՝ հարկատուներս, իսկ այն մարդիկ, ում պատճառով ընդդեմ Հայաստանի վճիռներ են կայացվում, այդպես էլ մնում են անպատիժ: Խոսքը վերաբերում է ինչպես նոտարներին, կադաստրի աշխատակիցներին, ոստիկաններին, քննիչներին ու դատախազներին, այնպես էլ այդ գործերը քննող դատավորներին: Այս անհրաժեշտությունը առաջ էր քաշել նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:
Սակայն խոսքից դեպի գործնական քայլեր այդպես էլ չեն արվում: Ավելին՝ հենց հարցը հասնում է դատավորների պատասխանատվությանը, իշխանական ամենատարբեր օղակներ բուռն պաշտպանության տակ են առնում Հայաստանին պարտություն բերող դատավորներին:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ երեկ խոսելով այս մասին, ասել է. «Անթույլատրելի է, որ Եվրոպական դատարանի որոշումների համար տեղացի դատավորներն էլ պատասխանատվություն կրեն: Ընդհանրապես պատասխանատվություն կրում ենք բոլորս: Եթե նկատի ունեք պատասխանատվություն ֆորմալ առումով, ո՛չ, դա անթույլատրելի մոտեցում է: Հենց դատական իշխանության առանձնահատկությունն է, փիլիսոփայությունն է դա, որ դատավորն իր գրպանից չպետք է վճարի: Երկրում ստեղծվում է դատական համակարգ եռաստիճան, դատական համակարգ՝ համապատասխան գործընթացներով, որը պետք է ամեն ինչ անի, որ հասցնի պատշաճ արդարադատության իրականացման, եւ եթե այդտեղ սխալ կա՝ այդ համակարգում, դրա պատասխանատուն առաջին հերթին դատավորը չէ», – ասաց նախարարը:
Ստացվում է, որ հարկատուները վճարում են հարկեր, ձեւավորում բյուջե, իսկ դատավորները կամ դատախազներն ու քննիչները սխալմամբ փոշիացնում են գումարները: Ու սա ամենեւին էլ չի նշանակում, թե բոլորը պատասխանատվություն են կրում: Աներկբա է, որ պետական օղակների սխալների համար պատասխանատվություն են կրում կոնկրետ հարկատուները:
Իսկ ո՞րն է ելքը: Ըստ Դավիթ Հարությունյանի. «Դրա համար երկիրը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ապահովի ավելի որակյալ արդարադատություն»: Նկատենք, որ քայլեր արվում են տասնամյակներ շարունակ, սակայն իրավիճակը չի փոխվում:
Լիլիթ Ավետիսյան