Կրկին ռուսական զենք ու կրկին ռուսական վարկով. ինչ ճակատագրի կարժանանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից 100 մլն դոլար վարկ վերցնել` ժամանակակից սպառազինություն եւ զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով: Կառավարությունը  նիստում հաստատեց վարկային նախագիծը: Ըստ այդմ, 100 մլն դոլարը Հայաստանն օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում: Իսկ վարկը սկսելու է մարել 2023 թվականից, 15 տարվա ընթացքում, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:

Սա, իհարկե, Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով առաջին վարկային համաձայնագիրը չէ: Հիշում եք՝ դեռ 2015թ. հունիսի 26-ին Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրել էր 200 մլն դոլար արժողության վարկային համաձայնագիր: Միայն թե նախատեսված սպառազինությունները մինչեւ հիմա ամբողջությամբ ձեռք չեն բերվել, թեեւ նախատեսված էր գործընթացն ավարտին հասցնել դեռ 2016թ. ամռանը:

Ավելին՝ այդ 200 մլն դոլարի տրամադրման գործընթացն ուղեկցվեց զանազան խոչընդոտներով, չնայած երկու երկրներն էլ արագ վավերացրին փաստաթղթերը, սակայն ՌԴ-ն, մեղմ ասած, դանդաղում էր ե՛ւ գումարի տրամադրման, ե՛ւ զենքի մատակարարման հարցում:

2016թ. փետրվարին ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարել էր, թե Ռուսաստանից վարկերի ստացման հարցում խնդիրներ կան: Ավելի ուշ այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին խնդրել էր հանգիստ թողնել այդ թեման՝ այդպես անուղղակի խոստովանելով խոչընդոտների առկայությունը:

2016թ. սեպտեմբերին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն հրապարակեց իրենց հարցմանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանի պատասխանը, ըստ որի՝ 13.09.2016թ. դրությամբ 200 միլիոն դոլարից դեռ չէին օգտագործել: Ու քանի որ վերոնիշյալ պայամանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ վարկի օգտագործումը սկսվում է զենքը մատակարարելու օրվանից, պարզ էր՝ 2016թ. սեպտեմբերի դրությամբ դեռ Հայաստան չէին ուղարկվել անհրաժեշտ զինատեսակները (չնայած, մինչ այդ, իշխանությունները պնդում էին, թե զինատեսակներն ուր որ է՝ կգան Հայաստան):

Միայն այս տարվա սկզբին պարզ դարձավ, որ վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսված զինատեսակների մի մասը Հայաստանում է ու դրված է ծառայության: Այդ մասին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հունվարի 27-ի ասուլիսի ժամանակ հավելելով. «Մնացածն ընթանում է ըստ կնքված ժամանակացույցի, ու մենք հետամուտ ենք լինելու սպառազինությունն արագ ստանալու, որովհետեւ դա ուղղակիորեն կապված է մեր մարտունակության հետ»:

Այսօր, սակայն, պետք է արձանագրենք, որ գործընթացը դեռ ավարտված չէ: Այս տարվա հուլիսին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, թե այդ վարկից 30 մլն դոլարը դեռ չի ծախսվել, այսինքն՝ 30 միլիոնի զենքը ՌԴ-ն դեռ չի տվել: Ըստ նրա՝ այդ կապակցությամբ քննարկումներ են ընթանում ՌԴ-ի հետ: Իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հայտարարել էր, թե նախատեսված զինտեխնիկայի մոտ 85 տոկոսն արդեն Հայաստանում է, թեեւ դրա կատարման վերջնաժամկետը դեռեւս 2016թ. ամռանն էր: Հոկտեմբերի 2-ի ասուլիսում Վիգեն Սարգսյանը, կրկին խոսելով այդ թեմայից, նշել էր. «Ընթացքը նորմալ է: Գտնվում ենք ակտիվ փուլում»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե զինատեսակների զգալի մասն արդեն ձեռք է բերվել: Ասել է, թե շուտով կավարտվի 2017 թվականը, սակայն սպառազինություններն այդպես էլ Հայաստան չեն բերվել:

Այսքանից հետո, թերեւս, դժվար չէ ենթադրել՝ ի՞նչ ճակատագրի կարժանանան նոր 100 մլն դոլարանոց վարկը եւ դրա շրջանակներում ձեռք բերվելիք սպառազինությունները: Դժվար է միայն ենթադրել, թե որքա՞ն ժամանակ կխլի այդ գործընթացը:

Հ.Գ. Ըստ մեր տեղեկությունների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին՝ մինչեւ 1998թ. պալատական հեղաշրջումը, Հայաստանը ՌԴ-ից համապատասխան սպառազինություններ ստացել է բոլորովին անհատույց, եւ միայն Քոչարյանի պաշտոնավարման տարիներից ռազմավարական գործընկեր երկիրը սկսեց զենքը վաճառել ՀՀ-ին, նաեւ Ադրբեջանին: Այդ տենդենցը պահպանվում է նաեւ այսօր: Սա՝ իմիջիայլոց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս